Մատչելիության հղումներ

Նախարար․ Ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի հարցը վերաբանակցվելու է


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է բանակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ, որպեսզի ավտոմեքենաների մաքսազերծման գները հայաստանցիների համար 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն չաճեն:

2015 թվականի հունվարի 2-ին անդամակցելով Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը մինչև 800 ապրանքատեսակի գծով հինգ տարվա արտոնություն ստացավ, ըստ որի այդ ապրանքատեսակների մաքսատուրքերը այդ ժամանակահատվածում չէին աճելու ու հավասարվելու ԵԱՏՄ մաքսատուրքերին: Գալիք տարվա սկզբից արտոնության ժամկետը սպառվում է, և, մասնավորապես, հին ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերը կաճեն անգամներով:

«Որոշում դեռ չկա: Ես հարցի բնույթի մասին կարող եմ խոսել՝ առանց ասելու, թե որը կարող է լինել դրա լուծումը: Դուք էլ բնույթը գիտեք: Բոլորս հույս ունենք, որ կա հնարավորություն: Բայց երբ որ դիմումը լինի, մենք կխոսենք նաև դիմումի ձևաչափի մասին: Դեռևս դիմում չի եղել պաշտոնապես: Բայց դա գործընթաց է, որ պետք է արվի, և դրա շուրջ հիմա քննարկումներն ընթացքի մեջ են», - փոխանցեց նախարարը:

Վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: Պատճառն այն է, որ մարդիկ մտածում են, թե հունվարի 1-ից սպասվող մեքենաների մաքսազերծման դրույքաչափի աճը կբերի ավտոմեքենաների թանկացման: Ուստի ցանկանում են մեքենա գնել մինչև թանկացումը, կամ այս տարի ներմուծած մեքենան թանկ գնով վերավաճառել մյուս տարի:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը օրերս հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել ու հաշվառվել 44 հազար 579 ավտոմեքենա, ինչը 7 հազար 979-ով ավելի է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում:

Տիգրան Խաչատրյանն այսօր նաև ասաց․ - «Հիմա խոսքը վերաբերում է վերաբանակցելուն: Վերաբանակցելը եթե միայն վերաբերեր Հայաստանի ներքին շուկայի խնդրին, ամենայն հավանականությամբ ավելի կանխատեսելի կլիներ դրա ելքը: Բայց մենք գիտենք, որ էս երևույթը, երբ որ մեզ մոտ էդ ավտոմեքենաների համար մաքսազերծման վճարներն ավելի ցածր են, քան, օրինակ, Եվրասիական տնտեսական միության որևէ երրորդ երկրում, պատճառ է դարձել, որ մեքենաները գրանցվեն էստեղ, վաճառվեն էնտեղ: Դա էլ երևացող բան է․ քաղաքներ կան այդ պետություններում, որտեղ հայկական պետհամարանիշներով մեքենաների քանակը այնքան մեծ է, որ իրենց քաղաքացիներն էլ են հարց տալիս՝ ինչո՞ւ էս հարկերը մեր երկրում չեն վճարվում, այլ վճարվում են Հայաստանում, որովհետև Հայաստանում դրա տուրքի դրույքաչափերը ցածր են: Հիմա պատկերացրեք, որ մենք պետք է բանակցությունների միջոցով կարողանանք հիմնավորել, թե դա ինչու պետք է էդպես լինի»:

Նախարարն անդրադարձավ այս տարվա առաջին եռամսյակում տեղ գտած արտահանման անկմանը: Վիճակագրական կոմիտեի համաձայն, հունվար-մարտին հայաստանյան արտահանումը նվազել է 8,6 տոկոսով, մինչդեռ կառավարությունը ծրագրում է այս տարի ապահովել արտահանման մինչև 8 տոկոս աճ:

«Մեր դիտարկումներով, խոշոր նվազում արձանագրած ուղղություններից մի քանիսը վերաբերում են հատկապես լեռնահանքային ոլորտին: Ինչպես ես նշեցի, խտանյութերի արտահանման ոլորտում մենք ունենք: Ընդհանուր առմամբ 2019 թվականի երեք ամիսների արդյունքներով, արտահանումը նախորդ տարվա երեք ամիսների նկատմամբ նվազած է եղել 51 միլիոն դոլարից մի քիչ ավել չափով», - նշեց նախարարը:

Երեք օրից կլրանա ճիշտ մեկ տարին, ինչ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ: «Ազատության» հարցին, թե անցած ժամանակահատվածում ինչ է փոխվել Հայաստանի տնտեսությունում, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց․ - «Երբ որ մենք խոսում ենք հավասար մրցակցության մասին, շուկա մուտք գործելու ազատ հնարավորությունների մասին, համակարգային կոռուպցիայի բացակայության մասին, հիմա մենք խոսում ենք այդ հարցերի մասին այնքան հեշտ, կարծեք դա էդպես էլ պետք է լիներ: Բայց դրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք եղել են, որոնք, բոլորը միասին վերցված, հաստատում են, որ ցանկացած քաղաքացի, ով տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունի, ունի դրա հնարավորությունը: Դա հեղափոխության հիմնական ձեռքբերումը պետք է համարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG