Հյուսիսային Կորեայում անբերքատվության հետևանքով մոտ 10 միլիոն մարդ պարենի պակասի խնդիր ունի: ՄԱԿ-ի մասնագետները կացությունը որակել են որպես «պարենային անվտանգության բացակայություն»:
Հյուսիսային Կորեայում ստացել են ամենացածր բերքն վերջին տասը տարվա ընթացքում: Դրա հիմնական պատճառներն են երաշտը և հեղեղումները:
Այդ մասին այսօր Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Վերխուզելը:
«Ավելի քան 10 միլիոն մարդ տուժում է պարենի պակասից: Դա նշանակում է, որ նրանք չեն ունենա պարենի անհրաժեշտ պաշար մինչև հաջորդ բերքահավաքը», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան և ընդգծել, որ «մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է մարդասիրական օգնության ծրագրերի կայուն ֆինանսավորում»:
«Ֆոնդերի պակասը մեծ վտանգ է Հյուսիսային Կորեայում երեխաների մի ամբողջ սերնդի համար», - ասել է Վերխուզելը: