Մատչելիության հղումներ

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միակ ընդհանուր բանը մնացել է սահմանը». Զելենսկին` Պուտինին


Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ասել էր, թե ուկրաինացիների և ռուսների միջև ընդհանուր շատ բան կա, ինչպես նաև ասել էր, թե ռուսները և ուկրաինացիները միայն կշահեն, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան։

Վլադիմիր Զելենսկին գրել է, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միակ ընդհանուր բանը մնացել է սահմանը։

«Երկար մտածում էի, թե ընդհանուր ինչ կա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Իրականությունն այնպիսին է, որ այսօր Ղրիմի և Դոնբասի բռնազավթումից հետո մեր մեջ ընդհանուր միայն մի բան է մնացել՝ պետական սահմանը։ 2 հազար 295 կիլոմետր 400 մետր սահմանի ուկրաինական կողմի յուրաքանչյուր միլիմետրի վրա Ռուսաստանը պետք է վերահսկողությունը վերադարձնի։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք շարունակել ընդհանուրի փնտրտուքը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ «նավթամթերքների արտահանման արգելքը, Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու որոշումը, ուկրաինացիներին գերի պահելը ոչ մի միլիմետր չեն մոտեցնում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, և նման հարաբերությունները հաստատ չի կարելի եղբայրական անվանել»։

Դոնբասը և Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հնարավորության մասին խոսել է նաև նրա անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդականը։

Ուկրաինական մամուլին տված հարցազրույցում Իվան Ապարշինն ասել է, թե այսօրվա դրությամբ հնարավորություն չի տեսնում այդ շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ «Կորուստները շատ մեծ կլինեն։ Այսօրվա դրությամբ դա 2014 թվականին արդեն բաց թողնված շանս է», - ասել է Ուկրաինայի ընտրված նախագահի անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդականը։

Նրա կարծիքով՝ Դոնբասն Ուկրաինային վերադարձնելու համար մոտավորապես 5 տարի կպահանջվի, իսկ Ղրիմը՝ ավելի հեռավոր հեռանկարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG