Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժեց ընդդիմադիր ԼՀԿ-ի ներկայացրած երկու օրենսդրական նախագծերը


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը գործադիրի հիմնավորումները հեքիաթ է որակում ու պնդում, թե կառավարությունը դիտավորյալ նենգափոխում է իրենց առաջարկի բովանդակությունը:

Առաջինը նախագծով առաջարկվում էր փոփոխութուններ անել «Գնումների մասին» օրենքում և գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։

Կառավարության գնահատականով, այս տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը և այն պետք է շարունակի գաղտնի մնալ:

«Այսինքն՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող ա ուղեկցում, նրանցից ով ա լավ կրակում, ամենավատը ով ա կրակում, և կից խորհրդատվություն, թե ոնց ա ավելի համար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կարծում եմ, իհարկե, մենք թափանցիկության ճանապարհով գնում ենք, և եթե էսպիսի անհրաժեշտություն զգանք, կարծում եմ, մենք ինքներս նախաձեռնություն կիրականացնենք», - ասաց վարչապետ Փաշինյանը:

ԼՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հնչած մեկնաբանությունը դիտավորյալ նենգափոխություն և իրենց դեմ արվող հակաքարոզչություն է համարում: Ասում է, որ իրենք առաջարկել են անփոփոխ թողնել ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթը, իսկ ծախսերը կարող են հրապարակվել անվտանգության տեսանկյունից թույլատրելի ժամանակահատվածում, այսինքն՝ պոստ ֆակտում:

Ընդդիադիր գործչի համար առավել անհասկանլի է «Ելք»-ի նախկին գործընկերներ վարչապետ Փաշինյանի ու նախարար Զեյնալյանի արձագանքը: Մարուքյանը հիշեցնում է, որ նախկինում այդ ծախսերը հասանելի են եղել հանրությանը, սակայն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հապճեպ կարգով ընդունված այս օրենքով դրանք դարձրել է դասակարգված տեղեկատվություն։ Այն ժամանակ օրենքին դեմ են քվեարկել «Ելք» դաշինքի բոլոր պատգամավորները, այդ թվում՝ Փաշինյանը ու Արտակ Զեյնալյանը:

«Ի՞նչ ծախսերի մասին է խոսքը գնում: Ինքնաթիռի ծախսն ա, տարբեր գնումներ ա, տարբեր ծախսեր են, որոնք փոստ ֆակտում ժամանակին հասանելի էին մեզ: Սերժ Սարգսյանը բերեց փակեց: «Ելք» դաշինքը դրա դեմ պայքարում էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այսօր մենք այդ նախագիծը բերել ենք, որ այն նախկին գործող իրավակարգավորումը ուժի մեջ պահենք, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասում ա՝ էս ահաբեկչության չգիտեմ ինչ եք անում․․․ Էդ ի՞նչ մանիպուլյացիա ա, էդ ի՞նչ եք պատմում: Թե՞ մտածում եք, որ էդ բաները մարդիկ չեն իմանալու: Թե՞ մտածում եք, որ մենք չենք բացահայտելու, որ սա էն նույն նախագիծն ա, որը որ Սերժ Սարգսյանն ա ընդունել», - նշեց Մարուքյանը:

Հիշեցնենք «Գնումների մասին» և «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում ևս մեկ փոփոխություն, որով առաջարկվում էր պետական գաղտնիք դարձնել բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը, ընդունվել է նաև 2014 թվականին, որին Փաշինյանը դեմ էր քվեարկել:

Իսկ այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փոփոխությունները հիմնավորել էր այսպես՝ գաղտնին դեռ թաքունը չի:

ԼՀԿ-ն մյուս մերժված նախագծով առաջարկում էր վերացնել նախկին իշխանությունների օրոք ուժի մեջ մտած իրավակարգավորումը և կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջը և մի քանի այլ դրույթներ:

Նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով, նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կողմ է որ հավաստման գործընթացը մարդկանց համար ավելի դյուրին եղանակով կազմակերպվի, բայց պնդեց, որ դա չի կարող տեղի ունենալ «մեկ քայլ հետ» ճանապարհով: Իսկ առաջարկված նախագիծը նա գնահատում է հենց այդպիսին:

Վարչապետը հանձնարարեց գտնել տեխնոլոգիական լուծում․ - «Միայն տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուրիշ որևէ տարբերակ, որ մարդկային գործոնով մենք պետք ա դա ստուգենք, թե չէ, դա ուղղակի անընդունելի ա: Մինչև էսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն գոյություն չունեցող, օրինակ, նպաստառուներ: Եվ մեզնից շատ մեծ ջանքեր ա պահանջում էդ համակարգի հետևից գնալու և էդ համակարգը․․․ Փոխանակ մտածենք ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուները գոյություն չունենան, հիմա մենք ասում ենք՝ էկեք նոր միջանցք բացենք, որ սկսեն գոյություն ունենալ գոյություն չունեցող թոշակառուներ: Դա բացարձակ անընդունելի բան ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG