Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Մոսկվան միմյանց մեղադրում են Վենեսուելայի իրադարձություններին միջամտելու մեջ


Ցույցեր Վենեսուելայում, 1-ը մայիսի, 2019թ․
Ցույցեր Վենեսուելայում, 1-ը մայիսի, 2019թ․

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, չնայած հայտարարել էր Նիկոլաս Մադուրոյին տապալելու վերջին փուլի մեկնարկի մասին, բանակին կոչ է արել միանալ ցուցարարներին։ Ասել էր, թե մայիսի 1-ի ցույցը երկրի պատմության մեջ ամենամեծն է լինելու, այնուհանդերձ՝ իշխանությանը հեռացնելու գործում բեկում չկա:

Երեկ՝ օրվա վերջում, ցուցարարների մի մասը ցրվել է: Ուժային կառույցները հավատարիմ են մնացել Նիկոլաս Մադուրոյին: Ազգային գվարդիան արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, կրակոցներ են հնչել: Տեսանյութերը ցույց են տալիս, որ ցուցարարներն իրենց վիրավորված ընկերոջը տեղափոխում են շտապ օգնության մեքենայով, ոստիկանության ռազմական մեքենաներից մեկը սլանում է ցուցարարների վրա, ընդհանուր առմամբ, հաղորդվում է առնվազն չորս տասնյակ վիրավորների մասին:

Հրազենից գլխի շրջանում վիրավորված 27-ամյա մեկ կին և 24-ամյա տղամարդ է մահացել։ Ընդդիմության առաջնորդը թվիթերյան գրառումով հաստատել է նրանց մահը:

Նավթով հարուստ OPEC-ի անդամ հարավամերիկյան այդ երկրի վերջին իրադարձությունները է՛լ ավելի սրեցին ռուս-ամերիկյան տարաձայնությունները: Վաշինգտոնը և Մոսկվան միմյանց մեղադում են Վենեսուելայի իրադարձություններին միջամտելու մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի նկատմամբ, Վաշինգտոնը կողմ է խաղաղ հանգուցալուծմանը, բայց միանշանակ չի ժխտել նաև ռազմական միջամտության տարբերակը: Ամերիկացի պաշտոնյաները մեկ անգամ չեն ասել, թե բոլոր տարբերակները սեղանի վրա են: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Fox Business Network-ին ասել է՝ 050214 ռազմական գործողությունը հնարավոր է, եթե դա է պահանջվում:

Միաժամանակ նա նշել է. «Մենք փորձում ենք ամեն ինչ անել բռնությունից խուսափելու համար: Ներգրավված բոլոր կողմերին մենք հորդորել ենք ձեռնպահ մնալ այդպիսի գործողություններից: Մենք գերադասում ենք իշխանության խաղաղ փոխանցումը, որ Մադուրոն հեռանա ու նոր ընտրություններ անցկացվեն»:

Փոմփեոն նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցությունը Նիկոլաս Մադուրոյին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերեգյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղարին երեկ ասել է, թե Վենեսուելայում ապագա ագրեսիվ քայլերը ամենածանր հետևանքներ կունենան: Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Լավրովի և Փոմփեոյի երեկվա հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

ԱՄՆ-ն իր հերթին Մոսկվային է մեղադրում Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու մեջ: Նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողներին ասել է, թե Ռուսաստանը չպետք է միջամտի արևմտյան կիսագնդի իրադրաձություններին, դա իրենց կողմից սխալ կլինի:

Չինաստանը բանակցությունների միջոցով քաղաքական կարգավորման կոչ է արել: «Վենեսուելայում, հուսով ենք, կողմերը հաշվի կառնեն երկրի ու ժողովրդի շահերը, կխուսափեն արյունալի հակամարտությունից և որքան հնարավոր է արագ կվերականգնեն երկրի կայուն զարգացման գործընթացը», - նշված է Չինաստանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունում:

Վենեսուելայում իրավիճակը սրվել է այս տարվա սկզբից, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Նիկոլաս Մադուրոյին մեղադրեց իշխանությունը յուրացնելու մեջ և իրեն հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ: Մոտավորապես հինգ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Գույդոյին ճանաչում են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG