Մատչելիության հղումներ

«Հոգնել էինք, սուրճ էինք ուզում». Փաշինյանն՝ աղմկահարույց տեսանյութի մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Երևան, 29-ը ապրիլի, 2019թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Երևան, 29-ը ապրիլի, 2019թ․

Երեկ ողջ օրվա ընթացքում համացանցը քննարկում էր ԵԱՏՄ միջկառավարական նիստին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը:

Շատերը տեղի ունեցածը որակում էին ծաղր Հայաստանի վարչապետի նկատմամբ՝ սուր քննադատության և անարգանքի ենթարկելով Մեդվեդևին:

Երեկ ուշ երեկոյան Փաշինյանն՝ արձագանքելով այդ քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել, պարզապես Մեդվեդևի ակնարկը վերաբերել է նիստն ընդամենը շուտ ավարտելուն:

«Նոր մի պահ մտնում եմ Ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում», - գրել է Փաշինյանը։

Ի դեպ, մամուլը գրել է, որ նախօրեին Մեդվեդևն ու Փաշինյանն այցելել էին երևանյան ակումբներից մեկը, որտեղ կերել են փախլավա և պարել։

Ռուբեն Ռուբինյան, արխիվ
Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ի սկզբանե իր համար Փաշինյանի և Մեդվեդևի երկխոսությունը սովորական է թվացել, այնպես որ «անտեղի փոթորիկ է բարձրացվել»:

Ռուբինյան. - Կարծում եմ, որ առանձնապես գնահատելու բան չկա, և այս փոթորիկն անտեղի էր, ես վարչապետի խոսքերին հավելելու բան չունեմ։

«Ազատություն». - Վտանգավոր չե՞ք համարում, որ կարող է այսպիսի մի թյուրիմացությունը հանգեցնել շատ լուրջ հետևանքների, ի վերջո բանը հասել էր այնտեղ, որ հակառուսական նաև հայտարարություններ ու տրամադրություններ էին ստեղծվել համացանցում։

Ռուբինյան. - Ինչ-որ առումով գուցե, բայց նաև չեմ գերագնահատում ֆեյսբուքյան տարափների ազդեցությունը։

«Ազատություն». - Ի վերջո բայց ազդեցությունը մեծ է թվացել Փաշինյանին, եթե նա փորձել է հարթել իրավիճակն՝ ասելով, որ «ոչինչ տեղի չի ունեցել»։

Ռուբինյան. - Կարծում եմ, որ ոչ թե ազդեցությունն է մեծ թվացել, այլև տեսել է, որ շատ է քննարկվում, և անդրադարձել է։

«Ազատություն». - Իսկ Ձե՞զ էլ ի սկզբանե այդ տեսանյությում որևէ արտասովոր բան չէր թվացել, թե՞ Դուք նույնպես այն բանակին էիք պատկանում, որ ծաղր կար այդտեղ։

Ռուբինյան. - Ո՛չ, ես բանակների չեմ պատկանում, և ինձ համար սովորական տեսանյութ էր։

Նշենք՝ խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սուր քննադատության էր ենթարկել տեղի ունեցածը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. - «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ: Դուխն այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երևալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ և ինքդ քեզ վրա: Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG