Մատչելիության հղումներ

Պուտինը ստորագրել է ավտոնոմ համացանցի մասին օրենքը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ինքնիշխան համացանցի մասին» օրենքը։

Օրենքը, բացառությամբ մի քանի դրույթների, ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 1-ից։

Ըստ այս օրենքի, պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն ռուսական ինտերնետային ռեսուրսների անխափան գործունեությունը դրանք համացանցից անջատելու դեպքում։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է ունենա իր սեփական համացանցը՝ ավտոնոմ, որը կապ չի ունենա համաշխարհային ինտերնետի հետ: Նմանատիպ համակարգ այսօր գործում է Չինաստանում։

Ռուսաստանցի ինտերնետ օպերատորները պարտավոր են իրենց ցանցերում հատուկ սարքեր տեղադրել, որոնց միջոցով «Ռոսկոմնադզոր»-ը կկարողանա վերահսկել ինտերնետ թրաֆիկը և արգելափակել Ռուսաստանում արգելված կայքերը։

Օրենքի հեղինակներն ավելի վաղ հայտնել էին, թե օրենքում նախատեսված համակարգը ստեղծելու համար կպահանջվի 20 միլիարդ ռուբլի։ Պետությունն իր վրա է վերցնում այդ սարքերի տեղադրման հետ կապված ծախսերը։

Փորձագետները, սակայն, հոռետես են այս օրենքի կիրառման հարցում՝ նշելով, որ նման համակարգ նախ դժվար է ստեղծել, և դրա համար շատ ավելի մեծ գումար է անհրաժեշտ։

Օրինագծի հեղինակներն են Դաշնային խորհրդի օրենսդրական հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը, նրա առաջին տեղակալ Լյուդմիլա Բոկովան և Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը։

Նոր օրենքի քննադատները մտավախություն ունեն, որ օրենքը Ռուսաստանի իշխանություններին գրաքննության հնարավորություն է տալիս ինտերնետում, որտեղ մինչ այսօր գրաքննությունը հնարավոր չէր, և ռուսական ինտերնետն, ի տարբերություն հեռուստաընկերությունների և մամուլի, ազատ է։

Ավելի վաղ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արել Պուտինին չստորագրել օրենքը։

«Լրագրողներ առանց սահմանների» և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է, թե այն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիրը, որը ստորագրել է նաև Ռուսաստանը։

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG