Մատչելիության հղումներ

«Եթե ուզում ենք զարգանանք, միայն ու միայն Եվրոպային պետք է նայենք». Արտահանողների միության նախագահ


Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը համոզված է՝ եթե Հայաստանն իր տնտեսությունը պետք է կապի արտահանումը խթանելու հետ, ապա «փրկությունը Եվրոպան է»։

«Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ Մխջյանն ընդգծեց՝ Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) ոչ մի առավելություն չի ստանալու։

«Եթե մենք մեր տնտեսությունը պետք է կապենք արտահանման հետ, արտահանումը խթանելու հետ, մենք պետք է փորձենք մաքսիմում դեպի Եվրոպա նայել, մեր փրկությունը Եվրոպան է, մենք ուրիշ ճանապարհ չունենք, եթե մենք ուզում ենք զարգանանք, լավ արտադրանք ունենանք, եթե ուզում ենք իսկապես սիլիկոնային հովիտներ ունենանք Հայաստանում, IT ոլորտը զարգացնենք, մենք միայն ու միայն Եվրոպային պետք է նայենք, որովհետև մենք այսօր ԵԱՏՄ-ից ոչ մի առավելություն չենք ստանալու։ Սա նույնն է, ինչ որ կա չորս տարի է, չորս տարի հետո էլ նույն է լինելու, ոչ մի բան չի փոխվելու, հավատացեք՝ ավելի վատ կլինի, ավելի լավ չի լինի։ Ես ոչ մի ակնկալիք չունեմ ԵԱՏՄ-ից։ Ես ասում եմ ու նորից ասում եմ՝ որ մենք կարողանանք այնպիսի արժեքներ ստեղծել, որոնք կարողանանք արտահանել դեպի Եվրոպա և նորմալ շուկաներ գրավենք», - ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահը։

Տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հակադարձեց՝ պետք է նայել ոչ միայն դեպի Եվրոպա, այլ նաև Արևելք։

«Ես գտնում եմ, որ մենք միայն պիտի Եվրոպա չնայենք, մենք պետք է դեպի Արևելք էլ նայենք, դեպի հարավ-արևելք էլ նայենք, որովհետև այնտեղ արագ զարգացող երկրներ կան, մեծ պոտենցիալ կա։ Ես հասկանում եմ՝ Չինաստանի հետ ոտք գցելը դժվար է, բայց բոլոր դեպքերում, դուք այնքան փորձված մարդիկ եք, ես նկատի ունեմ հայ գործարարներին՝ հանձինս Ձեզ, որ Չինաստանում էլ տեղ կգտնեք, հարավարևելյան ասիական երկրներում էլ տեղ կգտնեք։ Մենք պետք է չկենտրոնանանք միայն Եվրոպա, թեկուզ և առավելություն է տալիս, դեպի Ռուսաստան՝ առավել ևս, մենք պետք է փորձենք մեր առավելությունները ստեղծենք», - ասաց Խաչատրյանը։

Մխջյանը, սակայն, պնդեց՝ այսօր Հայաստանը Չինաստանի համար ոչինչ չի կարող անել։

«Ինչո՞ւ Եվրոպա՝ որովհետև ես մտածում եմ, որ մենք մեր նման երկրների հետ պետք է աշխատենք՝ լինի դա տարածքային, լինի դա բնակչության, լինի դա մեր մտավոր կարողության։ Մենք այսօր Չինաստանի համար ոչինչ չենք կարող անել, եղբայր, իրականությունից խոսենք», - ասաց Արտահանողների միության նախագահը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG