Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի պնդմամբ Ռուսաստանը Մադուրոյին թույլ չի տվել հեռանալ Վենեսուելայից


Մայիսի 1-ին՝ չորեքշաբթի օրը, Վենեսուելայի նախագահի անունը տակավին Նիկոլաս Մադուրո է․ Խուան Գուայդոյի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը, որին արդեն մի խումբ զինվորականներ են միացել, առ այժմ չի հաջողվում պաշտոնանկ անել 2013 թվականից երկիրը կառավարող Նիկոլաս Մադուրոյին, ում մեղադրում են կոռուպցիայի, տնտեսական քաղաքականությունը ձախողելու, ընդդիմախոսներին ճնշելու մեջ:

Միացյալ Նահանգների և տասնյակ այլ երկրների կողմից Հարավամերիկյան այդ երկրի լեգիտիմ նախագահ ճանաչված Խուան Գուայդոն, ով հունվարից՝ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր, պահանջում է Մադուրոյի հրաժարականը, նախօրեին ազդարարում էր իշխանափոխության վերջին փուլի մեկնարկի մասին՝ իր խոսքով՝ խիզախ զինվորների աջակցությամբ:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ում մի շարք պետություններ ճանաչել են որպես երկրի ժամանակավոր նախագահ, ելույթ է ունենում Կարակասում, 30-ը ապրիլի, 2019թ․
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ում մի շարք պետություններ ճանաչել են որպես երկրի ժամանակավոր նախագահ, ելույթ է ունենում Կարակասում, 30-ը ապրիլի, 2019թ․

Ընդդիմադիր առաջնորդի՝ խաղաղ ցույցերին միանալու կոչին հետևեցին տասնյակ հազարավոր վենեսուելացիներ: Երեքշաբթի օրը Կարակասի փողոցներում աննախադեպ լարվածություն էր տիրում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ ստացան, ուժայինները արցունքաբեր գազ կիրառեցին:

Արխիվ – Ֆենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն (աջից) հայտարարում են էլեկտրամատակարարման սահմանափակումների մասին
Արխիվ – Ֆենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն (աջից) հայտարարում են էլեկտրամատակարարման սահմանափակումների մասին

Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Կուբայի դաշնակից Մադուրոն երեկ երեկոյան, զինվորականներով շրջապատված, ելույթ է ունեցել երկրում շարունակվող բողոքի ցույցերի մասին, դրանք անվանել պետության դեմ ոտնձգություն և սպառնացել պատասխանատվության ենթարկել հանցավորներին: Վենեսուելայի առաջնորդը ենթականերին և աջակիցներին նաև խոստացել է չընկրկել:

Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ Հարավամերիկյան երկրի նախագահը երեկ պատրաստ էր լքել Վենեսուելան, բայց վերջին պահին դաշնակից Ռուսաստանը նրան ետ է պահել այդ քայլից: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո

«Նրա օդանավը արդեն թռիչքագծի վրա էր, և որքանով մեզ է հայտնի է՝ նա պատրաստ էր հեռանալ այսօր առավոտյան դեպի Հավանա, սակայն Ռուսաստանը վերջին պահին հրամայեց ետ կանգնել այդ քայլից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուսաստանը, որը դեռևս Հուգո Չավեսի պաշտոնավարման տարիներից Վենեսուելան համարում է իր կարևոր գործընկերը ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում, իսկ վերջին տարիներին էլ միլիարդավոր դոլարներ է ներդրել այդ երկրի նավթային ենթակառուցվածքներում, կտրականապես հերքում է պետքարտուղար Փոմփեոյի պնդումները՝ դրանք գնահատելով տեղեկատվական պատերազմի մաս:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Վենեսուելայում ստեղծված իրավիճակը նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ:

Փախուստի մասին Վաշինգտոնից հնչող հայտարարությունները կեղծ է որակել նաև Մադուրոն․ - «Պարոն Փոմփեո, խնդրում եմ՝ ծիծաղելի է: Իսկ անվտանգության խորհրդի հարցերով խորհրդական Բոլթոնը հրամայում էր զինվորականներին և քաղաքացիական անձանց միանալ հեղաշրջմանը, բայց Վենեսուելայում հեղաշրջումը ձախողված է»:

Արևմտյան` մասնավորապես ամերիկյան պատժամիջոցների հետևանքով մեկուսացած Վենեսուելան հունվարից ի վեր ծանրագույն քաղաքական ճգնաժամ է ապրում՝ աննախադեպ տնտեսական խնդիրներին զուգահեռ: էներգառեսուրսներով հարուստ, երբեմնի բարեկեցիկ երկիրը մի քանի տարվա ընթացքում դարձել է աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը, որը լքում են միլիոնավոր քաղաքացիներ` մեկնելով արտագնա աշխատանքի։

56-ամյա Մադուրոն այս տարի վեց տարով կրկին ստանձնեց իշխանության ղեկը՝ պնդելով, որ ընտրությունները կեղծելու ընդդիմախոսների մեղադրանքները մերկապարանոց են և հրաժարվել կատարել փողոցի պահանջն ու հեռանալ: Նրա նախագահությունը, սակայն, հրաժարվում է ճանաչել ոչ միայն երկրի ընդդիմությունը, այլ նաև Արևմուտքը, Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG