Մատչելիության հղումներ

Reuters․ Զելենսկու կինը 2013-ին կասկածելի գործարքի արդյունքում տուն է ձեռք բերել Ղրիմում


«Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը տարիներ առաջ երկրի ամենահայտնի օլիգարխներից մեկին պատկանող ընկերությունից շուկայականից անհամեմատ ցածր գնով շքեղ մի բնակարան է գնել Ղրիմում», - այսօր գրում է Reuters գործակալությունը` հիմնվելով սեփական հետաքննության արդյունքների վրա:

Reuters-ին հաջողվել է պարզել, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի կինը` Օլենա Զելենսկան, ուղիղ վեց տարի առաջ` 2013 թվականի ապրիլին, գործարար Ալեքսանդր Բուրյակին պատկանող ընկերություններից մեկից անշարժ գույք է ձեռք է բերել Յալթայի ամենաշքեղ հատվածում` Ռուսաստանի կայսրերի ամառային նստավայրի և 1945 թվականի Ստալին - Չերչիլ - Ռուզվելտ հանդիպման վայր հանդիսացած «Լիվադիա» պալատի հարևանությամբ:

Գործակալությունը հատուկ ընդգծում է, որ Ղրիմում գտնվող բնակարանը Զելենսկու կինը ձեռք է բերել թերակղզու` Ռուսաստանի կողմից բռնակցումից մոտ մեկ տարի առաջ:

«Յալթայում կառուցված շքեղ համալիրում գտնվող երեքսենյականոց բնակարանը Ուկրաինայի նորընտիր նախագահի կինը գնել է 164 հազար ամերիկյան դոլարով», - առքուվաճառքի և կադաստրային փաստաթղթերի վրա հիմնվելով՝ գրում են Reuters-ի լրագրողները՝պնդելով նաև, որ գործարքի պահին Զելեսնկու ընտանիքի կողմից ձեռք բերված անշարժ գույքն անհամեմատ ավելի թանկ արժեր:

«Հաշվարկները վկայում են, որ մեկ քառակուսի մետրի դիմաց Զելենսկան 1263 դոլար է վճարել, այն դեպքում, երբ, ըստ անշարժ գույքի վաճառքով զբաղվող ուկրաինական կայքերի, այդ նույն բնակելի համալիրում գտնվող մյուս բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը 2012-ին տատանվում էր 3500-4000 դոլարի միջակայքում: Մեկ այլ կայքի տեղեկություններով, քառակուսի մետրի գինը այս համալիրում 2012 թվականինին 2800 դոլար էր», - նշում են հետաքննության հեղինակները` ընդգծելով, որ ո՛չ Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին և ո՛չ էլ նրա կինը չեն արձագանքել այս գործարքը մեկնաբանելու Reuters-ի խնդրանքին:

Գործակալության պնդմամբ, այս ողջ պատմության մեջ թերևս ամենաուշագրավը Զելենսկային կես գնով բնակարան վաճառած գործարարի` Ալեքսանդր Բուրյակի անձն է: Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավորը տարիներ առաջ վերահսկում էր Կիևում գրանցված Բրոկբիզնեսբանկը և ընկերությունների «Սվարոգ» խումբը:

Մի քանի տարի առաջ Բուրյակի վերահկողության տակ գտնվող բանկը սնանկ ճանաչվեց, իսկ դրա բարձրաստիճան աշխատակիցներից մի քանիսի դեմ հափշտակման հոդվածով քրեական գործ հարուցվեց: Reuters-ին չի հաջողվել պարզել, թե արդյոք Ալեքսանդր Բուրյակը որևէ կերպ ներգրավված է այդ հետաքննության շրջանակներում:

Գործակալությունը, սակայն, պնդում է, որ Ալեքսանդր Բուրյակը ակտիվորեն մասնակցել է Զելենսկու նախընտրական արշավին` նրա հայրենի Կիվոյ Ռոգ քաղաքում դիտարկելով քվեարկության ընթացքը:

Հետաքննության շրջանակներում Reuters-ի լրագրողները զրուցել են նաև Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկի` այժմ շվեյցարական Ժնևում բնակվող Իգոր Կոլոմյսկու հետ:

Հիշեցնեմ, որ նախընտրական արշավի ընթացքում Զելենսկու ընդդիմախոսները նրան մեղադրում էին Կոլոմոյսկու հետ սերտ առնչություններ ունենալու մեջ, իսկ Պյոտր Պորոշենկոն իր մրցակցին նույնիսկ «օլիգարխի խամաճիկ» էր անվանել: Հետաքննող լրագրողները փորձել են պարզել, թե արդյոք Կոլոմոյսկին տեղյակ է, թե ինչու է Յալթայի ամենաէլիտար շրջաններից մեկում գտնվող բնակարանը Զելենսկու ընտանիքին վաճառվել ակնհայտորեն նվազեցված գնով: Սրան ի պատասխան Կոլոմոյսկին նշել է, թե իր պատկերացմամբ Ալեքսանդր Բուրյակի սեփականություն հանդիսացող Բրոկբիզնեսբանկի ֆինանսական կացությունն այդ պահին այնքան էլ լավ չի եղել, և նրան շտապ կերպով կանխիկ գումար է պետք եղել, ուստի նա համաձայնել է այդ գործարքին:

Սակայն Reuters-ին հաջողվել է պարզել, որ բնակարանի վաճառքից մի քանի ամիս անց Ուկրաինայի Կենտրոնական Բանկը Բուրյակի ղեկավարած կառույցի ֆինանսական ակտիվների ընդհանուր ծավալը ոչ միայն բավարար է գնահատել, այլև նշել է, որ դրանք գերազանցում են երկրի բանկային ոլորտում առկա միջին ցուցանիշը:

Վերջում հավելեմ, որ Ուկրաինայի ապագա առաջին տիկինն այժմ փորձում է վաճառել Ղրիմում գտնվող բնակարանը: Օլենա Զելենսկայի կողմից առաջ քաշված գինը 790 հազար դոլար է` քառապատիկ ավելի այն գումարից, որը նա վճարել է 2013-ի ապրիլին բնակարանը գնելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG