Մատչելիության հղումներ

Սամվել Ալեքսանյանը հերքում է․ «Վայ թե Ղուշչյաննա ընձի առևանգել»


Սամվել Ալեքսանյան, արխիվ
Սամվել Ալեքսանյան, արխիվ

Հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի առևանգման գործով հարցաքննվել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։

«Սամվել Ալեքսանյանը ինձ իր ոհմակով տարավ Դավթաշենի չոլերը, ատրճանակը դրեց գլխիս ու էնպիսի բաներ ասեց», - պատմում է Ղուշչյանը: - «Հետո ինչ-որ զանգ էղավ, թե ինքը զանգեց, ասեց՝ լավ, բախտդ բերեց, ինձ ասեցին, որ քեզ էսօր թողնեմ ապրես»:

Ավելի վաղ Ղուշչյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր՝ տարիներ առաջ Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել: Հեռուստալրագրողի այդ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեում գործ հարուցվեց։

Սամվել Ալեքսյանը կտրականապես հերքում է՝ ինքը Ղուշչյանին երբևէ չի հանդիպել ու նրան միայն հեռուստատեսությունից գիտի․ - «Ես առևանգող մա՞րդ եմ, ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից: Ինձ չառևանգեք՝ ես կարա՞մ ուրիշին առևանգեմ: Վայ թե Ղուշչյաննա ընձի առևանգել»:

Ղուշչյանն ասում է, որ 2001 թվականին տեղի ունեցածն այսօրվա պես է հիշում։ Առևանգման պատճառը, ըստ նրա, իր հաղորդումն է եղել։ Հեռուստադիտողը զանգել ու բողոքել էր Ալեքսանյանին պատկանող ընկերության ալկոհոլային արտադրանքից․ - «Մի տիկին էր զանգել և ասեց՝ մենք գնել ենք «Լուսաստղ» օղի, օգտագործել ենք և շատ վատ ենք զգում: Ես էլ ասեցի՝ տիկին, Դուք մի շտապեք մեղադրել «Լուսաստղին», որովհետև հիմա մեզ մոտ ամեն ինչ կեղծվում է: Պիտակներն են կարող են կեղծվել, և ամենևին էլ համոզված մի եղեք, որ դա «Լուսաստղ» օղին է: Անմեղ մի խոսակցություն»:

Ղուշչյանի ներկայացմամբ՝ իրեն հենց այդ դեպքից հետո են առևանգել։ Ալեքսանյանը հեռուստալրագրողի մեղադրանքները որակում է որպես իր բարի համբավն արտավորող քայլ․ - «Իմ հեղինակության, անվան հետ ա ուզում խաղա: Էդքան բան»:

Համլետ Ղուշչյանը հակադարձում է․ - «Նա հեղինակություն երբևէ ունեցե՞լ է: Մի մարդ, ում մականունը Լֆիկ է, նա ո՞նց կարող է հեղինակություն ունենալ»:

Սամվել Ալեքսանյանը կարծում է, որ Համլետ Ղուշչյանը պատվեր է կատարում․ - «Մեկը սովորացրել ա: Կամ մեկը դրդել ա, կամ գժվել ա: Էրկուսից մեկը կլինի»:

Լրագրողը պնդում է, որ ոչ ոք իրեն չի դրդել և իր պնդումներն առևանգման մասին հիվանդ երևակայության արդյունքն չէ:

Ղուշչյանն ասաց, որ իրեն փորձել են կաշառել լռելու դիմաց։ Նախկինում հանցագործության մասին իր հաղորդումներն իրավապահներն անտեսել են․ - «Ես հասկացա, որ միայն հեռանալը ինձ կփրկի էդ ոհմակից: Որովհետև ինձ բաց տեքստով ասեցին՝ ուզում ես ապրես, թող գնա»:

Լրագրողը պատմեց, որ երկար տարիներ արտասահմանում է ապրել: Դեպքից հետո իր առողջությունն է վնասվել, մի քանի տարի շարունակ միայն բուժվել է։

Սամվել Ալեքսանյանը, թեև Ղուշչյանի մեղադրանքը հերյուրանք է համարում, սակայն չի պատրաստվում դատի տալ նրան․ - «Պարապ չենք մենք: Ավելի լավ ա դրա տեղը մենք մեր գործով զբաղվենք»:

Ղուշչյանը համոզված է, որ Ալեքսանյանը իրեն դատի չի տալիս, քանի որ գիտի, որ պարտվելու է։ Նրան վրդովել է այն, որ Քննչական կոմիտեն Ալեքսանյանին հարցաքննել է որպես վկա, և դեռ մեղադրանք չկա նրա նկատմամբ․ «Քիչ է մնում մի հատ լիմուզին ուղարկեն, որ բարեհաճի այդ մեծ բարերարը, այդ մեծահարուստը գա․․․ Ծիծաղելի է»:

Ղուշչյանը ևս արդեն ցուցմունք տվել, սակայն նա և Ալեքսանյանը դեռ չեն առերեսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG