Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հայտնում է կիբերհանցագործության դեպք բացահայտելու մասին


Լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից

Երկուշաբթի օրը Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։

«Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած յուրաքանչյուր անձից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակում 100-ից 2000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, հեռախոսային խոսակցության ընթացքում ընկերության աշխատակիցները զուգահեռ պարզում են այդ անձանց սոցիալական ապահովագրության համարը և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

«Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Պիկոնետ Տեքնոլոջիս» ընկերության ազգությամբ հնդիկ հիմնադիրը խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու նախնական միասնական դիտավորությամբ Երևանում վարձակալել է տարածք և կազմակերպել նշված հանցավոր գործունեությունը: Նույն օրը հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով», - փոխանցում է Ոստիկանությունը՝ շարունակելով․ - «Դատարանի որոշմամբ խուզարկվել է ընկերության վարձակալած տարածքը։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող 14 համակարգիչներ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հայ, 4 հնդիկ։ Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ներգրավված են եղել խարդախություններին, և յուրաքանչյուրն ունեցել է որոշակի դերակատարություն: Հանցավոր ողջ գործունեությունը կազմակերպել և ղեկավարել է ընկերության ազգությամբ հնդիկ տնօրենը»:

Ըստ հաղորդագրության՝ խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և օգտագործված 2 կաթուցիչ:

«Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ հանցավոր խումբն ԱՄՆ-ի շուրջ 60 քաղաքացու վստահությունը չարաշահելով և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 15000 ԱՄՆ դոլար: Քննությունը շարունակվում է», - տեղեկացնում է Ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG