Մատչելիության հղումներ

Վենեսուելայում իրավիճակը սրվել է․ Գուայդոն Մադուրոյին պաշտոնանկ անելու «վերջին փուլն է սկսում»


Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Կարակասում դիմում է աջակիցներին, 30-ը ապրիլի, 2019թ․
Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Կարակասում դիմում է աջակիցներին, 30-ը ապրիլի, 2019թ․

Իրավիճակը Վենեսուելայում ժամ առ ժամ սրվում է․ ըստ ականատեսների՝ ընդդիմությանը և իշխանություններին պաշտպանող զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ամբողջ երկրով մեկ ինտերնետ կապն անջատվել է, աշխարհի հզոր երկրները ուշադրությամբ հետևում, արձագանքում են այսօրվա իրադարձություներին, միջազգային հեռուստաընկերությունները ուղիղ հեռարձակում են Կարակասի փողոցներում տիրող իրավիճակը:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, թե սկսում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու վերջին փուլը՝ «քաջարի զինվորների» աջակցությամբ:

Օրվա երկրորդ կեսին միջազգային հեռուստաալիքների ուղիղ հեռարձակումները ցույց են տալիս զանգվածային բողոքի ակցիաներ ու ցուցարարներին միացած զինավորական համազգեստներով, զինված մարդկանց: Առավոտյան Գուայդոն տեսաաուղերձ է հրապարակել, որտեղ շրջապատված էր իրեն աջակցող զինվորականներով՝ բանակին կոչ է արել միանալ ընդդիմությանը, դուրս գալ Մադուրոյի իշախանության դեմ: «Եկել է պահը»,- ասել է Գուայդոն:

Խուան Գուայդոն իրեն աջակցող մի խումբ զինվորականների հետ ժամանել էր մայրաքաղաք Կարակասի մոտ գտնվող «Լա Կարլոտա» ավիաբազա: Գուայդոյի ու նրա կողքին կանգնած զինվորական համազգեստներով տասնյակ մարդկանց ուղղությամբ արցունքաբեր գազ է արձակվել:

«Ռոյթերսը», վկայակոչելով ականատեսներին, հաղորդել է, որ Գուայդոյին աջակցող զինվորականների ու Մադուրոյին պաշտպանող զինվորների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Մադուրոյի կառավարության պաշտոնյաները Խուան Գույադոյի այսօրվա գործողությունները որակել են հեղաշրջման փորձ: Տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը «Թվիթերում» գրել է, թե «դավաճան զինվորականների» մի փոքր խումբ փորձել է հեղաշրջում իրականացնել: Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն ասել է, թե զինված ուժերը հավատարիմ են մնում Մադուրոյի կառավարությանը: Ըստ նրա՝ երկրի զորամիավորումները հաղորդում են, որ իրենց զորանոցներում և ռազմական կայաններում նորմալ իրավիճակ է:

Միացյալ Նահագանների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ասել է, թե զինվորականները պետք է պաշտպանեն սահմանադրությունը և Վենսուելայի ժողովրդին:

«Նրանք պետք է կանգնեն Ազգային ժողովի ու օրինական ինստիտուտների կողքին՝ ընդդեմ ժողովրդավարությունը բռնաճնշողների»,- գրել է Բոլթոնը՝ ընդգծելով՝ «Միացյալ Նահանգները կանգնած է Վենսուելայի ժողովրդի կողքին»:

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացված է Վենսուելայի իրադարձությունների մասին, հետևում է իրավիճակին:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի իրավիճակը, այլ հարցերի թվում, քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ:

Վենեսուլայաի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ, ու ավելի քան հինգ տասնյակ երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Գուայդոյին ճանաչում են որպես երկրի ժամանակավոր նախագահ:

Անկյուն մղված նախագահ, սոցիալիստ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Կուբան ու մի շարք այլ երկրներ:

2018-ի մայիսին Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններից հետո Մադուրոն նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է 2019-ի հունվարին: Դրան հետևեցին ընդվզումները: Ընդդիմությունը պնդում է, որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով ու չեն ընդունում Մադուրոյի նախագահությունը:

Մայիսի 1-ին ցուցարարները ծրագրում են հակակառավարական հզոր ցույց անցկացնել: Խուան Գուայդոն ասել է, թե դա լինելու է երկրի պատմության մեջ ամենամեծ ցույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG