Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջին վճիռն է կայացրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և երկրում տարածված կոռուպցիայի դեմ փողոց դուրս եկած ակտիվիստների գործով, որոնց իշխանությունները ազատազրկել էին կամ վարչական տուգանքների ենթարկել:
Քննելով նրանցից մեկի՝ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու աջակից Էլվիրա Դմիտրիևայի բողոքը, Ստրասբուրգի դատարանը վճռել է, որ Ռուսաստանի իշխանությունները ոտնահարել են քաղաքացու իրավունքները և պարտավոր են նրան 12 հազար 500 եվրո վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ակտիվիստը վարչական տուգանքի էր ենթարկվել, երբ Կազանում թռուցիկներ էր բաժանել Նավալնու կազմակերպած հակակոռուպցիոն ցույցերի մասին, հետո էլ 10 օրով ազատազրկվել էր, երբ մասնակցել էր, ըստ իշխանությունների, չարտոնված այդ ցույցին: