Մատչելիության հղումներ

Դաշնակցությունն «իշխանափոխություն անելու օրակարգ չունի»


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իշխանություններին մեղադրում է ղարաբաղյան հարցում խուսափողական քաղաքականություն վարելու համար՝ հայտարարելով, որ դա չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը:

«Օրինակ, վարչապետի վերջին հայտարարությունը՝ ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր ինձ տա տեքստ, թե ինչ է ուզում: Սա արդեն խուսափողական է: Ժողովուրդը այդ հարցի պատասխանը շատ հստակ ժամանակին տվել է», - ասաց ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ Գերագույն ժողովը այսօր տարածած հայտարարությունում նաև պնդել է, թե զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով զգալիորեն նվազել է հանրային լավատեսությունը:

Այսօր հրավիրած ասուլիսում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ կուսակցությանը մտահոգում է նաև «ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը»։

«Օրինակներն էնքան բազմազան են և աչքի առջև, որ այսօր տեսնում ենք: Հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակումը մեր մշաութային արժեքների վրա, հիմնի փոփոխության հարցը տեղին-անտեղին շահարկելու գործընթացը: Այսինքն երկրում տարվում է, հասկանալով կամ չհասկանալով, երբեմն էլ ուղղորդված քաղաքականությունը մեր ազգային արժեքների, մեր մշակույթի, մեր հայկական․․․ Իշխանության ներկայացուցիչների կողմից է այս ամեն ինչը կատարվում», - ասաց Սաղաթելյանը:

Օրերս Դաշնակցության Գերագույն ժողովի ընթացքում ձևավորվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմը, իսկ Իշխան Սաղաթելյանը, որը կարճ ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, ընտրվել է Գերագույն մարմնի ներկայացուցիչ: Նա փոխարինում է Արսեն Համբարձումյանին:

«Դաշնակցության բոլոր մարմիններում մշտապես ներգրավված են եղել նոր ընկերներ, մշտապես այդ թարմացումները եղել են, ներքին իշխանափոխության հարց մեր օրակարգում չկա: Մենք մեր բնական ընթացքում, հունով, մեր օրակարգով գնում ենք առաջ», - նշեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ չնայած իշխանության նկատմամբ քննադատական կեցվածքին, իրենք իշխանափոխություն անելու օրակարգ չունեն, իսկ մամուլում այս թեմայով հրապարակումները կեղծ են:

Դաշնակցությունը, հիշեցնեմ, անցած տարվա խորհրդարանական ընտրություններում չհաղթահարեց անցողիկ շեմը:

«Ինչպես անցած տարիների ընթացքում, հիմա էլ որևէ լրատվամիջոց չի կարող Դաշնակցությունում աղբյուր ունենալ և չի ունենալու», - հայտարարեց Սաղաթելյանը:

Հիշեցնելով, որ Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմել՝ լրագրողները հարցրին՝ Դաշնակցության համար ավելի ընդունելի կլինե՞ր, եթե իշխանությունը մնար Հանրապետականի ձեռքում:

Իշխան Սաղաթելյանի արձագանքը․ - «Եթե նախկինը լավը լիներ, էսօր իշխանության կլիներ: Եվ էս իշխանությունների թերությունները և անգործունեությունը մենք հաճախ արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով: Մեր ժողովուրդը էս իշխանություններին տվել է բարձր վստահության քվե, ունի մեծ ակնկալիքներ, մեր սպասումներ, և այսօր այդ սպասումները չեն արդարանում»:

«Ազատության» հարցին, թե արդյոք հնարավոր է ՀՀԿ - ՀՅԴ հետագա համագործակցությունը, Դաշնակցության Գերագույն Մարմնի ներկայացուցիչը պատասխանեց, թե իրենք բաց են բոլորի համար․ - «Մենք համագործակցության հարցերում առաջնորդվում ենք մեր օրակարգով: Եթե մեր հարցերի, մեր առաջ քաշած խնդիրների շուրջ կլինեն Հայաստանում քաղաքական կազմակերպություններ, անհատներ, որոնք ցանկություն կհայտնեն, մենք սահմանափակում չունենք: Մենք չունենք սև ցուցակ չունենք»:

Դաշնակցությունը մայիսի 7-8-ին Լեռնային Ղարաբաղում ֆորում է անցկացնելու, որին մասնակցելու հրավերներ են ուղարկվել բոլոր քաղաքական ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG