Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի աշխատակազմում չեն բացառում, որ Զուրաբիշվիլիի պաշտոնական էջերը սոցցանցերում ենթարկվել են հաքերային հարձակման


Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում կիսվել է Դոնալդ Թրամփի սկանդալային գրառմամբ
Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում կիսվել է Դոնալդ Թրամփի սկանդալային գրառմամբ

Վրաստանի նախագահի աշխատակազմում չեն բացառում, որ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում ենթարկվել են հաքերային հարձակման: Այդ մասին խոսակցությունները Վրաստանի մայրաքաղաքում սկսեցին շրջանառվել երեքշաբթի կեսօրին, երբ տեղական լրատվամիջոցները հայտնաբերեցին, որ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային գրառմամբ, որում Սպիտակ տան ղեկավարը ծաղրում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

Թվիթերյան այդ գրառման մեջ ԱՄՆ նախագահը Բայդենին «քնկոտ» էր անվանել և պնդել, թե նա անտեղյակ է ամերիկյան տնտեսության իրական վիճակին:

Վրացական ընդդիմության համոզմամբ, Զուրաբիշվիլիի կամ նրա աշխատակազմի՝ սոցիալական ցանցերի համար պատասխանատու աշխատակցի այս գործողությունները վնասում են պետությանը:

«Ես դժվարությամբ կարող եմ բացատրել, թե նախագահի աշխատակազմում ինչպես կարող էին նման սխալ թույլ տալ: Դա վկայում է, որ նախագահի աշխատակազմում կատարյալ քաոս է տիրում: Ըստ իս, Զուրաբիշվիլին պետք է կապ հաստատի Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ և նրանից ներողություն խնդրի կատարվածի համար», - նշում էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավար անդամ Սալոմե Սամադաշվիլին:

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն վստահ է, որ Զուրաբիշվիլիի գործողությունները հերթական անգամ վնասում են երկրի միջազգային վարկին:

«Սա առաջին դեպքը չէ, երբ Զուրաբիշվիլիի գործողությունները վնասում են Վրաստանի շահերին միջազգային ասպարեզում: Ակնհայտ է, որ մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե խառնվենք այդ երկրի ներքաղաքական զարգացումներին: Իսկ նախագահի աշխատակազմի պնդումները, թե տեղի ունեցածը տեխնիկական խնդիր էր, ևս հավելյալ հարցեր է առաջացնում», - հայտարարում էր Դավիթ Բաքրաձեն:

Երեկոյան կողմ Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը մեկ անգամ ևս հայտարարեց, թե տեղի ունեցածը սոցցանցերում Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական էջերը համակարգող աշխատակցի սխալի հետևանք է, բայց հաքերային հարձակման տարբերակը ևս չի բացառվում:

«Կողմնորոշվեք` դա կամ սխալ էր, կամ՝ հաքերային հարձակում», - խոսնակի այս հայտարարությանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավոր Թինաթին Բոկուչավան:

XS
SM
MD
LG