Մատչելիության հղումներ

Ճապոնիայի կայսր Աքիհիթոն հրաժարվեց գահից


Ճապոնիա - Կայսր Աքիհիթոն և կայսրուհի Միչիկոն, գահից հրաժարվելու ծեսը, կայսերական պալատ, Տոկիո, 30-ը ապրիլի, 2019թ.

Ճապոնիայում մեկնարկում է նոր դարաշրջան:

«Հեյսեյ» դարաշրջանի ավարտը

Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այսօր պաշտոնապես հրաժարվեց գահից: Նա դեռ 2016 թվականին է հայտնել գահակալությունն ավարտելու ցանկության մասին:

Աքիհիթոյին կփոխարինի նրա 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն:

Ճապոնիա - Թագաժառանգ Նարուհիթոն հանդիսավոր արարողությունից հետո լքում է կայսերական պալատը, Տոկիո, 30-ը ապրիլի, 2019թ․
Ճապոնիա - Թագաժառանգ Նարուհիթոն հանդիսավոր արարողությունից հետո լքում է կայսերական պալատը, Տոկիո, 30-ը ապրիլի, 2019թ․

Սա վերջին երկու հարյուրամյակների ընթացքում գահակալի առաջին հրաժարականն է Ճապոնիայում:

Գահից հրաժարվելու ավանդական ծեսի անունն է «Տաիօրեյ Տոիցու Կաշիդոկորո Օմաե Նո Գի»:

«Այսօր ես ավարտում եմ կայսեր իմ առաքելությունը: Իմ գահակալության տարիներին մենք ժողովրդի հետ միասին ենք կիսել երջանիկ և դժբախտ օրերը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից և երախտապարտ եմ իմ ժողովրդին»,- ասել է Աքիհիթոն:

Աքիհիթոյի գահակալության երեք տասնամյակների առաքելությունն էր Ճապոնիայում խաղաղության և համերաշխության հաստատումը, նրա համոզմամբ՝ անչափ կարևոր էր օգնել ճապոնացիներին մերվել Երկրորդ աշխարհամարտի դաժան հիշողությունների հետ և մեղմել սարսափելի ցավը:

Կայսրը՝ բարյականության և միասնության խորհրդանիշ

Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ, իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին և վարչապետին, սակայն խիստ պահպանողական այդ երկրում կայսրը միշտ համարվել է գերագույն իշխանության բարոյականության և առաքինության խորհրդանիշ և վայելել է թե՛ կառավարության և թե՛ ժողովրդի մեծագույն հարգանքը:

Իսկ Սահմանադրությամբ կայսրը նաև ժողովրդի միասնության երաշխավորն է:

Աքիհիթոյի գահակալության շրջանի անունն է «Հեյսեյ»՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջան»:

«Հեյսեյ»-ի դարաշրջանում շատ բան է պատահել Ճապոնիայում, կարծում եմ, ժողովուրդը երախտապարտ կլինի կայսր Աքիհիթոյին և կայսրուհի Միչիկոյին», - ասել է 71-ամյա ճապոնացի Շուիցու Ուեսուգին:

«Գիտեմ, որ այս դարաշրջանում շատ ցավ ենք տեսել, ուրեմն՝ անցումը թող լինի ուրախ և տոնական», - ասել է Յուի Ուեգակին:

«Անկախ մարդու ազգությունից, կարծում եմ, ամենակարևորը մարդասիրությունն է: Հեռացող կայսրն ամբողջությամբ կատարեց իր առաքելությունը», - ասել է ծագումով կորեացի Կիմ Ֆուզանը:

Գահից հրաժարվելու շատ կարճ ու համեստ արարողությունը տեղի է ունենում Տոկիոյում՝ «Մացու Նո Մա» (թարգմանաբար՝ «Սոճիների սրահ») կայսերական պալատում:

Աքիհիթոյի հրաժարականի լուրը լուրջ ազդեցություն է գործել հպատակների վրա: Սովորաբար Ճապոնիայում կայսրը ցմահ է գահակալում:

Կառավարությունը չէր ողջունել հրաժարականի գաղափարը

Անցած տարիներին պաշտոնական Տոկիոն հաղորդել է, որ Աքիհիթոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ են հայտնաբերել, բացի այդ՝ նա սրտի վիրահատության է ենթարկվել:

Ի վերջո, ինքը կայսրը 2016 թվականին դիմել է հպատակներին և ասել, որ առողջական հանգամանքների բերումով այլևս ի զորու չէ գահակալել:

Ի դեպ, վարչապետ Շինզո Աբեն դեմ էր կայսեր հրաժարականին: Բանն այն է, որ Աքիհիթոյի հարստությունը չունի արական սեռի մեծ թվով ժառանգներ:

Պահպանողական Աբեին և նրա քաղաքական դաշնակիցներին մտահոգում էր ճապոնացիների համար անընդունելի մի հեռանկար՝ սոսկ տեսականորեն, եթե նոր կայսրը վախճանվի կամ չկարողանա գահակալել, գահին կարող էին հավակնել կանայք, ինչն այսօր գործող օրենքով բացառվում է:

2001 թվականին ծնվել է իշխանուհի Աիկոն, և այն ժամանակ Ճապոնիայում սկսել են քննարկել օրենքը փոխելու հնարավորությունը:

Դժգոհ օրենսդիրները թեթևությամբ շունչ են քաշել միայն այն ժամանակ, երբ Նարուհիթոյի եղբայրը՝ Ակիշինոն արու զավակ է ունեցել:

Գահից հրաժարվելուց հետո Աքիհիթոն կստանա «ջոկո» տիտղոսը՝ պատվավոր կայսր: Նրա կինը՝ Միչիկոն կստանա պատվավոր կայսրուհու՝ «ջոկոգո» տիտղոսը:

Աքիհիթոն և Միչիկոն կտեղափոխվեն «Տոգու» անվամբ պալատ, որտեղ և բնակվել են նախքան Աքիհիթոյի թագադրումը:

Նոր դարաշրջանը՝ «Ռեյվա»

Իսկ հպատակներին կառավարության որոշմամբ կտրվի տասնօրյա արձակուրդ՝ երկիրն այդպես կնշի Նարուհիթոյի թագադրումը:

Նարուհիթոն Քրիզանթեմի գահ կբարձրանա վաղը, և Ճապոնիայում կմեկնարկի նոր դարաշրջանը՝ «Ռեյվա»:

«Ճապոնիայի նոր կայսերական դարաշրջանի անունն է Ռեյվա», - ազդարարել է կառավարության ավագ քարտուղար Յոշիդե Սուգան:

Նոր դարաշրջանի անվան մեկնաբանությունը տվել է վարչապետ Շինզո Աբեն:

«Ռեյվա»՝ մշակույթը ծնվում և ծաղկում է այնտեղ, որտեղ մարդկանց սրտերը գեղեցկության մեջ են միավորվում», - ասել է վարչապետը:

Աքիհիթոն ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն է վայելում, այսօր տասնյակ պետությունների ղեկավարներ հարգանքի ուղերձներ են հղել Աքիհիթոյին և հաջողություն մաղթել նոր կայսր Նարուհիթոյին ու Ճապոնիայի ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG