Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը․ Փաշինյան


Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները, Երևան, 30-ը ապրիլի, 2019թ․

Հայաստանի վարչապետի նախագահությամբ այսօր Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացան Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները:

Նեղ կազմով նիստին, որին մասնակցում էին միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, հաջորդեց ընդլայնված կազմով նիստը:

Նեղ կազմով նիստի բացմանը ԵԱՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա օրակարգում երեք հիմնական հարցերը վերաբերում են թվային օրակարգին, ինտերնետ առևտրին և Եվրասիական տնտեսական միության հետագա ինտեգրմանը, ինտեգրման խորացմանը:

Ընդլայնված կազմով նիստին Փաշինյանը խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության կայացման մասին:

«Այսօր Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են մեր հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և դատական իշխանության անկախության ամրապնդման հարցում։ Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, և չեմ վարանի ասել, հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ», - նշեց Հայաստանի վարչապետը: - «Գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը»։

«Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։ Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում բարձրացել է կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Ակնհայտ է զսպումների և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։ Այս ամենը տեղի է ունենում երկրում ժողովրդավարության առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության պայմաններում», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով․ - «Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ»։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է առկա խոչընդոտների վերացմամբ, և առանձնահատուկ կանգ առավ, ինչպես ինքը ասաց, էներգակիրների խտրական գների հարցի վրա՝ ըստ էության ակնարկելով, որ միության անդամ երկրները տարբեր գներով են էներգակիրները՝ գազը, նավթը, նավթամթերքը ստանում, և դա իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների արտադրանքի վրա:

«Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար», - հայտարարեց ՀՀ վարչապետը:

«Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ: Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով», - նշեց Փաշինյանը՝ վստահեցնելով․ - «Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում»։

«Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։ Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Խոսեց նաև Բելառուսի վարչապետը, ով ԵԱՏՄ ձեռքբերումները ներկայացնելուց զատ, նաև դարձյալ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, թե վերջին շրջանում խոչընդոտները միությունում շատանում են, և դրանք խնդիր են առաջացնում ինտեգրման հետագա խորացման համար:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կարելի է կայացած միություն համարել, և աշխատանքները խնդիրների հաղթահարման, խնդիրների լուծման և ինտեգրացիայի խորացման ուղղությամբ շարունակվում են:

Ռուսաստանի վարչապետը երեկ էր ժամանել Երևան և արդեն հասցրել է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետի հետ ու քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նիստի արդյունքներով ստորագրվեցին մի խումբ փաստաթղթեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG