Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանը չի բացառում դատավոր Վարդան Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը


Արմեն Գևորգյան (Ձ) և Ռոբերտ Քոչարյան, արխիվ:

Նախկին չորս բարձրաստիճան պաշտոյայների գործը, ինչպես հայտնի է, քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը: Դատավորն ընտրվել է պատահականության սկզբունքով՝ էլեկտրոյային վիճակահանությամբ:

Դատական տեղեկատվական համակարգի կայքում հրապարակվել է Մարտի 1-ի գործից անջատված ու դատարան ուղարկված Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Ըստ մեղադրանքի` Քոչարյանը, լինելով պետության գլուխը, հանցակցելով այլ անձանց հետ, տապալել է սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաև Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ գործարար Սիլվա Համբարձումյանից նրա գործարքին չխոչընդոտելու համար առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքներ են առաջադրվել նաև 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, ինչպես նաև՝ Պաշտպանության փոխնախարարի ու Երևանի կայազորի պետի պաշտոնները զբաղեցրած Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին։

Իսկ 11 տարի առաջ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները զբաղեցրած Արմեն Գևորգյանի մեղադրանքը հետևյալն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և ցուցումներ տալով օժանդակել է նախագահ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև թաքցնելով գումարի իրական ծագումը՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր եկամուտները:

Նախկին չորս պաշտոնյաներից կալանքի տակ է միայն պաշտոնաթող նախագահ Քոչարյանը:

Նրանցից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում, իսկ ամբաստանյալի աթոռին հայտնված Ռոբերտ Քոչարյանը, նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով, շարունակում է պնդել, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման․ - «Նույնիսկ կարիք էլ չկա պնդելու, որ մեղավոր չէ, որովհետև 300.1 հոդվածով նախատեսված արարքները սկսել են հանցագործություն համարվել 2009 թվականից սկսած, և 2008 թվականի գործողությունների նկատմամբ չի կարող կիրառվել»:

Արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությանը չի ծանոթացել, բայց համոզված է, որ Քոչարյանը չի հետապնդվում․ - «Սա քաղաքական հետապնդում չէ: Ռոբերտ Քոչարյանի և այս անձանց նկատմամբ քաղաքական չի հետապնդումը»:

«Ազատություն» հարցին, թե ինչից ելնելով է նման պնդում անում, Զեյնալյանը պատասխանեց․ - «Ելնում եմ իմ համոզմունքից»:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ևս համոզված է, որ գործն իրավական հարթության մեջ է: «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով անգամ Եվրոպական դատարանն է ճանաչել՝ մարտի 1-ի ցույցը խաղաղ էր, ցրումը՝ չհիմնավորված։ Քլոյանները, ինչպես մյուս զոհերի հարազատները, ըստ նրանց փաստաբան Վահե Գրիգորյանի, այս գործով տուժողներ են:

«Քոչարյանը Գերագույն գլխավոր հրամանատար էր, Քոչարյանը պետք է կանխեր այդ բոլորը, կամ գոնե պետք է նա հրաման տար, որ՝ չկրակեք, կրակեք միայն օդ: Ես համոզված եմ, որ արդարությունը կհաղթի», - ասաց Քլոյանը:

Նախկին չորս բարձրաստիճան պաշտոյայների գործը, ինչպես հայտնի է, քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը: Անհայտ է, սակայն, դատական առաջին նիստի օրը, այն դեռևս նշանակված չէ: Դատավորն ընտրվել է պատահականության սկզբունքով՝ էլեկտրոնային վիճակահանությամբ:

40-ամյա Գրիգոյանի մասին շատ բան հայտնի չէ․ նա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2014-ին՝ Երևան տեղափոխվել է մոտ 5 ամիս առաջ: Մինչև այդ 7 տարի՝ 2007-2014 թվականներին, աշխատել է որպես հանրային պաշտպան:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Քոչարյանի գործով դատավորի մասին արտառոց հրապարակումների չի հանդիպել, բայց չբացառեց էլ, որ հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ որոշեն դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել:

Մինչ այդ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշի՝ արդյո՞ք կարգապահական պատասխանատվության կենթարկվեն սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները՝ Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը:

Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովից են միջնոդությունները ստացել: 2-ը դռնփակ արդեն քննել են, որոշումը մեկ շաբաթից կհրապարակեն, մեկի քննությունը հետաձգվել է՝ դատավորի խնդրանքով: Այս մեկն էլ դռնփակ կքննեն:

Դատական օրենսգրքի համաձայն, դատավորի նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, անգամ՝ լիազորությունների դադարեցում: Գագիկ Հարությունյանի խոսքով, բացի պատասխանատվության ենթարկելուց, ԲԴԽ-ն կարող է նաև մերժել միջնորդությունները․ - «Եթե մեկը ներկայացնում է, որ հիվանդության պատճառով է, մյուսները այլ պատճառով, պատճառները տարբեր են, բայց ըստ էության ներկայացման շարժառիթը նույնն է՝ խուսափել արդարադատություն իրականացնելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG