Մատչելիության հղումներ

Նախկին ֆիննախարարը պաշտպանում է ներկայիս կառավարության՝ «ավելի շատ հարկել սպառումը, ավելի քիչ՝ արտահանումը» մոտեցումը


Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան, արխիվ

Հարկային օրենսգրքի փոփոխությունները կհանգեցնեն պետական բյուջեի եկամուտների կորստի, այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, մանրամասնելով, 2017 թվականի տվյալները հիմք ընդունելով՝ եկամտահարկի կորուստը 27,5 մլրդ դրամ է գնահատվել, շահութահարկինը՝ շուրջ 11 մլրդ դրամ։ Պատճառն այն է, որ նախագծով առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը նվազեցնել 2 տոկոսային կետով և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափ, որը 2020 թվականի հունվարի 1-ից կլինի 23 տոկոս, հետագայում կնվազեցվի մեկական տոկոսով՝ հասնելով մինչև 20 տոկոսի։ Փոխարենը առաջարկվում է ավելացնել անուղղակի հարկերի բեռը:

«Հաշվի առնելով նաև այն, որ ակցիզային հարկի գծով բեռը մեր երկրում էականորեն ավելի ցածր է, քան համադրելի երկրներում, որոշում կայացվեց հարկային եկամուտների կորստի մի մասը փոխհատուցել ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հաշվին։ Այդուհանդերձ, բացասական ազդեցությունը կազմում է շուրջ 16 միլիարդ դրամ՝ տարեկան կտրվածքով, որը, սակայն, ակնկալվում է ապահովել լրացուցիչ վարչարարական ջանքի կամ վարչարարական գործողությունների արդյունավետության բարձրացման հաշվին», - ասաց Պողոսյանը։

Ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն անընդունելի է համարում եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրման համար կառավարության ներկայացրած հիմնավորումները, թե այդպիսով աշխատաշուկայում ստվերի կրճատում կլինի և կխրախուսվի արտահանումը։

«Արդեն առանց համահարթ եկամտային հարկային համակարգ ունենալու, ստվերից դուրս են եկել շուրջ 50 հազար աշխատատեղեր, հետևաբար հարց է առաջանում՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք հիմնավորում համահարթ հարկման համակարգ ներդնելը, երբ նա առանց այդ համակարգը ներդնելու ստվերից դուրս է գալիս։ Երկրորդ հիմնավորումը, որ մեջբերվում է, արտահանման խրախուսումն է, սակայն մենք, այսինքն՝ մասնագետները, տեղյակ են, որ արտահանման թիրախային ոլորտներում՝ թիրախային եմ ասում, օրինակ, թեթև արդյունաբերությունը, աշխատավարձերը, խոշոր հաշվով, տոկոսներ չեմ ուզում ասեմ, չեն գերազանցում 130 հազար դրամը։ Կնշանակի՝ այս համահարթ համակարգի ներդրմամբ, արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների վրա սա, կարելի է ասել, ազդեցություն չի ունենալու կամ շատ չնչին ազդեցություն է ունենալու», - նշեց Ավետիսյանը։

Կարեն Կարապետյանի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Արամյանը կիսում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ «ավելի շատ հարկել սպառումը, ավելի քիչ՝ արտահանումը» մոտեցումը: Ասում է՝ հակառակի բացասական ազդեցությունը պետությունը զգացել է մինչև 2008 թվականը: Խոսքը, նկատենք, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին է:

«Այդ դառը փորձը մենք ունեցել ենք մինչև 2008 թվականը, հարգելի՛ գործընկերներ, երբ որ մեր տնտեսական աճը շատ բարձր էր, բայց դա պահանջարկով քաշվող տնտեսական աճ էր, և արդյունքը եղավ այն, որ 2008 թվականին մենք ունեցանք խորը տնտեսական անկում։ Հետևաբար՝ շատ ճիշտ է, որ մենք թիրախավորենք երկարաժամկետ և առաջարկով մղվող տնտեսական աճը։ Արման Պողոսյանը հնչեցրեց, ես դա հաստատում եմ, իրականում մենք որքան էլ ասում ենք, որ մեզ պետք է արտահանմանն ուղղված տնտեսական աճ, բայց ռեսուրսները գնում է ոչ արտահանելի հատված։ Ստեղծվում է երեք-չորս հատ մոլ, կողքը՝ ընդամենը մեկ արտահանող գործարան», - ասաց Արամյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկում է խոշոր հարկատուներից բացի մնացած բոլոր տնտեսվարողներին մտցնել շրջանառության հարկի դաշտ: Ասում է՝ ցանկացած պարագայում պարզեցված հարկային համակարգը լավագույնն է։

«Քաղաքացին, ասում են, կսովորի ավելացված արժեքի հարկ, կսովորի շահութահարկ, կսովորի հաշվանցել, պետք չի իրան։ Պարզեցված հարկ՝ մարդը պետք է իմանա՝ 100 դոլար վաճառելու դեպքում պայմանական 10 դոլարը պիտի վճարի բյուջե։ Կարճ, կոնկրետ, ինքը այլ բան չպիտի իմանա։ Սա այնքան հեշտ կարող ենք մատուցել հանրությանը, որ այլևս որևէ մեկի գլուխը չֆռռա՝ սրանից տանեմ ստե, թվերը մանիպուլյացիա անեմ, հարկայինը գա գրի։ Էսօր ցանկացած հարկային օրենք, բերեք ցանկացած օրենք քննարկենք, բոլոր հարկային գործակալները տարբեր կարծիքներ կներկայացնեն, մեկնաբանությունը կլինի խիստ տարբեր, եթե ցանկություն կա բռնելու, բռնում են, եթե ցանկություն չկա, ասում են՝ ճիշտ է էս։ Չկա աշխարհում մի երկիր, որտեղ քաղաքական հեղափոխությունը չարտացոլվի տնտեսական զարգացումների վրա, չկա նման բան։ Եթե քաղաքական հեղափոխությունը չի վերածվում տնտեսական հեղափոխության, ուրեմն՝ քաղաքական հեղափոխություն տեղի չի ունեցել», - նշեց Բագրատյանը։

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվում է նաև ավելացված արժեքի հարկի վճարման համար վերականգնել շրջանառության հարկման տարեկան 115 միլիոն դրամի նիշը, բայց միայն այն հարկատուների համար, որոնք մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը չեն գերազանցել սահմանված 58,35 միլիոն դրամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG