2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 54 նյութ: Տվյալ ժամանակահատվածում Քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում է գտնվել 720 քրեական գործ, որից 207-ը վարույթ է ընդունվել այս տարվա ընթացքում, իսկ 513-ը եղել են վարույթում գտնվող՝ տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 720 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 235-ը վերաբերել են Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, 137-ը՝ 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 59-ը՝ 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը, 52-ը՝ 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն, 36-ական՝ 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը և 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, 33-ը՝ 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, և այլն:
Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 107 քրեական գործ, 82 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 49-ը` արդարացման հիմքով, 33-ը` ոչ արդարացման հիմքով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 25 քրեական գործ: Կասեցվել է 5 քրեական գործով վարույթ, որից 3-ը` անձը հայտնի չլինելու հիմքով, 2-ը՝ անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 445 անձ: Նշված անձանցից 42-ը ձերբակալվել են, իսկ 29-ը ազատվել են արգելանքից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 364 անձ: Մեղադրանք է առաջադրվել 347 անձի: 26 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից 8-ը մերժվել է, 18-ը՝ բավարարվել, որից 9-ի նկատմամբ կիրառվել է գրավ: 36 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է: Կալանքից ազատվել է 4 մեղադրյալ, որոնցից 1-ը՝ դատախազի որոշմամբ, 3-ը՝ դատարանի: Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 26 անձի, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 67 անձի նկատմամբ: Դատի է տրվել 68 անձ, որոնցից1-ը գտնվել է կալանքի տակ:
Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք իրենց վերագրվող կոռուպցիոն հանցագործությունները կատարել են տեղական ինքնակառավարման՝ 45 գործ, պաշտպանության և Զինված ուժերի՝ 31 գործ, կրթության՝ 27 գործ, սոցիալական ապահովության՝ 14 գործ, առողջապահության՝ 12 գործ, և այլ ոլորտներում, ասված է հաղորդագրությունում: