Մատչելիության հղումներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում յուրացման և փողերի լվացման գործով նախաքննությունն ավարտվել է


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշեցնենք՝ անցած տարվա մայիսին Քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն այն մասին, որ ապրիլի 6-ին հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքներով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է իրականացված յուրացումների և փողերի լվացման մեխանիզմը, ասված է Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությունում:

«Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը, 2010 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, իր աշխատանքային գործունեության ընթացքում` 2013թ. ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325.600.000 ՀՀ դրամ գումար», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ շարունակելով․ - «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիմնադրամի տնօրենը, յուրացման եղանակով հափշտակված նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226.464.209 ՀՀ դրամ գումարը մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ` հաշվից հաշիվ փոխանցելու` քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է։ Մասնավորապես՝ 14.05.2013-15.03.2018թթ. ընկած ժամանակահատվածում հիմնադրամի գործադիր տնօրենը 251 գործարքով նշված գումարը կանխիկ փոխանցել է իր ընտանիքին պատկանող, մոր անվամբ գրանցված ՍՊ ընկերության հաշվեհամարներին: Այնուհետև՝ 15.05.2013-29.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարից 116 գործարքով 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հաշվեհամարներին, որից հետո այս ընկերությունն իր հաշվեհամարներից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 108 գործարքով 490.583 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է գործադիր տնօրենի կնոջ՝ Հայաստանում գտնվող հաշվեհամարին, ապա նույն հաշվից 14.05.2013-30.12.2016թթ. ընկած ժամանակահատվածում 111 գործարքով 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է գործադիր տնօրենի հաշվեհամարին, որը կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով վերջինս օգտագործել է իր անձնական կարիքների համար»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG