Մատչելիության հղումներ

Լանջիկցիները փոխհատուցում են պահանջում «Հյուսիս - Հարավ» մայրուղու կապալառու չինական ընկերությունից


Armenia -- Aram Harutiunian, Resident of Lanjik Village in Shirak Marz. 29April, 2019

Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Արամ Հարությունյանն արդեն երրորդ գարունն է չի կարողանում վարել սեփական հողատարսծքը։ Պատճառը «Հյուսիս - Հարավ» մայրուղու 3-րդ տրանշի՝ Լանջիկ - Գյումրի հատվածի շինարարությունն է․ այստեղ տեխնիկա են կայանում ու լցնում շինարարական թափոններ:

«Էն օրը եկա, էլի հողի կուչկեք էին լցրել: Հիմի էլ եկել են, յանի ուզում են դզեն: Տեսնում եք վիճակը: Ու սենց միշտ՝ 3 տարի եղավ, ես չեմ կարում իրանց դեմը առնեմ, ինձ միշտ խաբել են», - ասում է Հարությունյանը:

Նրա պնդմամբ, այս հատվածը կառուցելու տենդերը շահած չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն երեք տարիների ընթացքում իրեն մեկ միլիոն դրամի վնաս է հասցրել: Այս տարի էլ պլանավորել էր գարի ցանել, բայց ասում է, որ արդեն չի հասցնի․ - «Թող գան իրանց հաշվարկն անեն ու իմ վնասը տան»:

Արամ Հարությունյանը դիմել է և՛ ոստիկանություն և՛ Կապի և տրանսպորտի նախարարություն: Ասել են, որ խնդիրը պետք է լուծել դատական կարգով: Իսկ ինքն ասում է, որ ի վիճակի չէ դատարան դիմել․ - «Ի՞նչ անեմ հիմա»:

Քիչ անց այստեղ էր նաև ոստիկանության ներկայացուցիչները, որոնց Հարությունյանը նույնն ասաց․ - «Փող չունեմ, ի վիճակի չեմ: Փող չունիմ, որ դատարան տամ: Մարզպետարանը դիմի՝ զրո, համայնքապետարան դիմի՝ զրո, դատախազին դիմում գրի՝ զրո: Էլ ի՞նչ անեմ: Վերջ տամ կյանքիս, պրծնի՞նք էս պետությունից»:

Արամ Հարությունյանն իրավապահների հետ գնաց արձանագրություն կազմելու:

Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Արշակ Զաքարյանն ասաց, որ նույնպես տուժել է շինարարության պատճառով: Նրա խոսքով, չինական ընկերությունն իրեն 100 հազար դրամ փոխհատուցում է խոստացել, որից հետո էլ պետք է վերացներ խնդիրը, սակայն արել է միայն առաջինը․ - «Էդ 100 հազարը տվեցին, հիմա ստեղ կարգավորածը էս է: Տեսնո՞ւմ եք»:

Կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունից «Ազատությանը» հայտնեցին, որ բողոքող Արամ Հարությունյանին չինական ընկերությունը սեփական հաշվարկների հիման վրա փոխհատուցում է առաջարկել, սակայն վերջինս դրան չի արձագանքել:

Իրավիճակը ուսումնասիրելու և դրանից բխող միջոցառումներ իրականացնելու համար հանձնաժողով է ստեղծվելու, շինարարին պարտավորեցվելու է ապահովել քաղաքացու պահանջներն ամբողջ ծավալով՝ ըստ հասցված վնասի փաստացի չափի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG