Մատչելիության հղումներ

Հայաստանը ռազմական ծախսերի ավելացման առումով առաջին տասը երկրների ցանկում է


Հայկական բանակի զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ Հայաստանում պաշտպանական ծախսերի ավելացումը 2018 թվականին 33 տոկոս է կազմել և հասել է 609 միլիոն դոլարի, ինչը երկրի համախառն ներքին արդյունքի 4.8 տասնորդական տոկոսն է:

Ռազմական ծախսերի ավելացման առումով Հայաստանը տեղ է գրավել աշխարհի առաջին տասը պետությունների շարքում:

Ուկրաինան և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ 2018 թվականի ընթացքում էապես ավելացրել են ռազմական ծախսերը:

Ըստ SIPRI-ի վերլուծաբանների, միայն Ուկրաինայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 21 տոկոսով և անցյալ տարի կազմել են 4 միլիարդ 800 միլիոն դոլար:

Նույն միտումն են գրանցել նաև Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան և Լիտվան:

«Այդ երկրներում ռազմական ծախսերի ավելացումը հիմնականում բացատրվում է Ռուսաստանը որպես ահագնացող վտանգ դիտելու գործոնով, ընդ որում՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալ երկու տարիների ընթացքում Ռուսաստանում ռազմական ծախսերն անկում են գրանցել», - ասել է ինստիտուտի ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանը:

Բուլղարիայում, Ռումինիայում և Լատվիայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 18-24 տոկոսով:

Լեհաստանում աճը կազմել է 8.9 տոկոս և հասել է 11 միլիարդ 600 միլիոն դոլարի:

Ըստ SIPRI-ի զեկույցի, 2017 թվականի համեմատությամբ Ռուսաստանում անցյալ տարի այդ ծախսերը 3.5 տոկոսով նվազել են, և, այնուամենայնիվ, Ռուսաստանը մնում է զինված ուժերին ֆինանսական միջոցներ տրամադրող վեցերորդ երկիրն աշխարհում: Անցյալ տարի Մոսկվան զինված ուժերին հատկացրել է 61 միլիարդ 400 միլիոն դոլար:

Տնտեսական ծանր պատժամիջոցների ենթարկված Իրանում ռազմական ծախսերի ծավալը նվազել է և 2018 թվականին կազմել է 13 միլիարդ 200 միլիոն դոլար:

Զինված ուժերին տրամադրած միջոցների առումով առաջին հինգ պետություններն են Միացյալ Նահանգները՝ 649 միլիարդ դոլար, Չինաստանը՝ 250 միլիարդ, ապա՝ Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան:

Ամբողջ աշխարհում ռազմական ծախսերի 60 տոկոսը հենց առաջին հնգյակն է իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG