Մատչելիության հղումներ

Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, արխիվ
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, արխիվ

Պորտուգալիայի խորհրդարանը երեկ ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Հաղորդագրության համաձայն՝ բանաձևում նշվում է, որ 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1,5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։ «Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», - ասված է տեքստում։

Պորտուգալիայի խորհրդարանը ցավ է հայտնում հայերի ցեղասպանության զոհերի կապակցությամբ՝ նրանց հիշատակը դիտարկելով որպես ժողովուրդների հաշտեցման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության էական տարր։ Բանաձևում նաև նշվում է, որ թեև օսմանյան ռազմական դատարանները ցեղասպանության կազմակերպիչներին 1919-1920-ին դատապարտել են մահապատժի, սակայն այդ դատավճիռները կյանքի չեն կոչվել։ Խորհրդարանը հայտարարում է, որ հաշվի առնելով աշխարհում ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկա մակարդակը, անցյալի տառապանքի հիշողությունն էական նշանակություն ունի, ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով, խորհրդարանը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հանձնառությունը և ընդգծում է ժողովուրդների, կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Բանաձևում նշվում է նաև, որ նույն ցեղասպանության քաղաքականության զոհ են դարձել նաև Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնությունները, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի բանաձևը: «Նման մոտեցումները, որոնք քաղաքականացնում են պատմությունը, անտեսում են միջազգային և եվրոպական իրավունքը, բացարձակապես անընդունելի են», - Ahval պարբերականի փոխանցմամբ՝ ասված է այդ երկրի արտգործնախարարության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG