Մատչելիության հղումներ

Վանաձորի կենտրոնական փողոցը փակ է. քաղաքացիները տոնում են


Այսօր առավոտից Վանաձորի գլխավոր փողոցը փակ էր։ Կենտրոնական հրապարակում երեկոյան համերգին էին պատրաստվում, ջահելները գնդակ խաղում։ Փողոցի ողջ երկայնքով զբոսանք էր, տեղ-տեղ ցուցահանդես, երգ ու պար։

Առավոտյան տեղի ունեցավ նաև հանրային քննարկում։ Բանախոսները քաղաքացիական ակտիվիստներ ու պաշտոնյաներ էին։ Հարցուպատասխանով միմյանց լավ քաղաքացի լինելու կոչեր արեցին։ Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը քաղաքացիական ակտիվության իր առաջին քայլերը հիշեց․ 18 տարեկանում Մաշտոցի պուրակի համար պայքարից է սկսել․ - «Երբ հասա Մաշտոցի պուրակ, այն պահն էր, երբ մի աղջիկ պառկել էր բետոնի շաղախ պտտող մեքենայի տակ ու ասում էր՝ դուք էստեղ բետոն կլցնեք, բայց միայն ինձ վրա: Այդ ժամանակ ես հասկացա, որ ամեն սանտիմետր քառակուսին իմ սեփականությունն է»:

Պատգամավորը համեմատեց հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյաներին ու քաղաքացիներին։ Ընդգծեց՝ մեկ տարի առաջ հսկայական պատնեշ կար նրանց միջև։ - «Փորձում ենք ջարդել այդ պատը», - ասաց Մկրտչյանը։

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, ով տարիներ շարունակ եղել է բնապահպանական պայքարների կիզակետում, խոսեց Լոռու մարզի հանքարդյունաբերության հետևանքով քաղաքացիների կրած զրկանքներից, նախորդ տասնամյակներում մաքուր բնության համար պայքարելու սահմանափակ իրավունքներից․ - «Այս մարզում ամենաշատն են մարդիկ զրկվել իրենց ապրուստի միջոցներից: Շատերդ գիտեք հենց Թեղուտի օրինակը, երբ մարդիկ ուղղակի զրկվեցին իրենց հողերից»:

Քաղաքացիներից մեկը Վանաձոր այցելած պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին ասաց՝ պատահաբար հանդիպած զինծառայողներից տեղեկացել է, որ դեռևս ծնողները ներքնազգեստ են ուղարկում զորամասեր, այն դեպքում, երբ երկրի ղեկավարը հակառակ հայտարարությունն է արել։ Փոխնախարարը, ում որդին ևս այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում, հակադարձեց․ - «Եթե նախկինում զինվորները շաբաթը մեկ անգամ ստանում էին մեկ կոմպլեկտ անորակ ներքնազեստ, ապա այսօր այն անհամեմատ որակյալ է, իսկ բոլոր զորամասերում լվացքի մեքենաներ կան։ Բայց խնդիր կա նույն զինվորների մոտ, որ չեն ուզում միևնույն լվացքի մեքենայի մեջ իրենց լվացքը, ներքնաշորերը լվալ: Հարցի լուծումը ո՞րն է, ստիպել, որ ինքը դա անի՞: Չեմ կարող ուղղակի պատկերացնել: Հետո էլ պիտի խոսենք, որ մարդու իրավունքնե՞ր են խախտվում»:

Պաշտպանության փոխնախարարի խոսքով զորամասերում գոնե մաշկային հիվանդություն ունեցող զինծառայողները մեկուսացվում են և նրանց հագուստը նույն լվացքի մեքենաներում չեն լվացվում։

Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որ քննադատություններ էր լսում ի՛ր կուսակցության ղեկավարած տարիների մասին, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, իրեն օրինակելի քաղաքացի է համարում: - «Ես էս պետության, իմ կարծիքով, ամենաօրինակելի քաղաքացիներից մեկն եմ ու նոր չի դա, նորվանից չի», - վստահեցրեց Ասլանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG