Մաշտոց-Թումանյան խաչմերուկից վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլելով, լուսանկարվելով, շնորհավորանքներ ընդունելով ու փոխանցելով սկսեց տոնել Քաղաքացու օրը: Ասաց՝ վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ է՝ «որովհետև սովորականից երկու ժամ ավել քնել եմ և դա ինձ համար մեծ երջանկություն է»:
Հարցերին պատասխանել Փաշինյանը հակված չէր, ասում էր՝ նախընտրում է երեխաների հետ քայլել ու լուսանկարվել:
Զբոսանքը ընդմիջվեց, երբ վարչապետը Երևանի գլխավոր պողոտայում հանդիպեց խորոված անողների առաջին խմբին: Անկեղծացավ՝ ավելի ուշ է իմացել, որ փակ փողոցում խորոված անելը ևս հեղափոխության ավանդույթներից էր․ - «Գաղափար չեմ ունեցել, որ անցած տարի խորոված ա արվել: Հեղափոխությունից հետո, որ սկսել եմ վիդեոները նայել, ես հասկացել եմ, որ հեղափոխության ժամանակ հեղափոխության 10 տոկոսն եմ տեսել, 90 տոկոսից գաղափար չեմ ունեցել»:
Փաշինյանի հաջորդ կանգառը Մաշտոցի պուրակում հեղափոխության ցուցահանդեսն է, նայեց ու դրվագ առ դրվագ վերհիշեց անցած տարվա այս օրերը:
Հեղափոխության ցուցահանդեսից մի փոքր հեռու էլ արդեն մի քանի ժամ շարունակվող հանրային քննարկումն էր, որտեղ ավելի վաղ ակտիվիստ Վարդգես Գասպարին բարձրաձայնում էր իշխանություն-ժողովուրդ խզվող կապի մասին:
«Տեսնում եմ էն խզումը, որը իշխանությունը, դեռ տարին չբոլորած, ունի հանրության հետ իր հարցերը կազմակերպելու», - ընդգծեց ակտիվիստը՝ մանրամասնելով․ - «Ուրեմն՝ նախկին իշխանության էլ էդպես էր, ոչ մեկը համակարգային հարց չէր առաջադրում․ առաջադրում էր անձնական խնդիր, էդ պատգամավորն էլ մի փուշ մեկի մատից հանելով՝ էդ հարցն էր լուծվում: Ես, ճիշտն ասած, նույն բանն եմ տեսնում․ եթե անձնական խնդրանքով դիմեի, կարծում եմ հաստատ կընդառաջեիք, բայց համակարգային հարցին նույնիսկ պատասխան չեք տալիս»:
Պատգամավոր Հայկ Կոնջորյանն արձագանքեց․ - «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Գասպարիին՝ պահանջատեր քաղաքացու մաստեր-կլասի համար, որ արեց»:
Փաշինյանը քննարկմանը նախընտրեց հետևել կողքից: «Ազատությունը» վարչապետից հետաքրքվեց, թե իր կարծիքով Քաղաքացու տոնը ժամանակի փորձության կդիմանա և տարիներ հետո էլ կնշվի՞, ինչպես այսօր:
«Տոնը ինձ համար չի, տոնը մարդկանց համարա, եթե մարդիկ տոնում են, ուրախանում են՝ լավա», - արձագանքեց վարչապետը: Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմախոսներն ասում են՝ տոնը օրենքով չի լինում, Փաշինյանը հակադարձեց․ - «Էդ մարդիկ մտածում են, որ անցած տարվա իրադարձությունները էնքան աննշան են, որ որևէ ձևով օրացույցի մեջ նշվելու կշիռ չունե՞ն: Եթե էդպես մտածում են՝ ի՞նչ ասենք»:
Օրվա միջոցառումների համար 124 միլոն դրամ ծախսելու մասին հարցին էլ վարչապետն արձագանքեց․ - «Քաղաքացին 40 միլիարդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, 100 միլիոն դրամ չի՞ կարող ծախսել: Ընդ որում, էդ ծախսը Երևանում չի՝ բոլոր մարզկենտրոններում ծախսվել է, ի՞նչ վատ բան կա այդտեղ»:
Երթևեկության համար փակված Մաշտոցի պողոտայում էր նաև ԱԺ նախագահը: Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ հեղափոխության հաղթանակը քաղաքացու հաղթանակն է․- «Որևէ տոն չտոնել, մինչև վերջին խնդիրը չլուծվի՝ կարծում եմ սխալ մոտեցում է: Ի վերջո նորից պիտի վերադառնանք առաջին հարցին՝ էս տոնը գալիս է ամրապնդելու որոշակի արժեքներ»:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս խոսեց օրվա խորհրդի մասին, ասաց՝ այսօր պատասխանատու, կարող ու ինքնավստահ քաղաքացու օրն է, ով մասնակից է իր պետության կառուցմանը: Նա այդ մասնակցությունը տեսնում է նաև ղարաբաղյան հարցի կարգավորման գործում․ - «Ժողովուրդն է, որ տվել է մանդատ՝ կառավարությանը»:
Փաշինյանը մինչև կառավարության շենք ճանապարհը շարունակեց քաղաքացիների հետ լուսանկարվելով ու քայլելով: Ողջ ճանապարհի ընթացքում մաքրությունը կարևորող վարչապետը աղբից դժգոհելու առիթ այսօր չունեցավ: