Ռուսաստանի վարչապետը հրահանգել է երկրի էներգետիկայի և առևտրի նախարարություններին յոթ օրվա ընթացքում ստուգումներ իրականացնել և պարզել՝ որն է եղել Բելառուսին և Արևելյան Եվրոպային մատակարարվող նավթի աղտոտման պատճառը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Դմիտրի Մեդվեդևը պահանջել է քննության արդյունքները փոխանցել դատախազություն, խստագույնս պատժել մեղավորներին և թույլ չտալ, որ հետագայում նման դեպքերը կրկնվեն:
Շաբաթասկզբին Բելառուսը հայտարարել էր, թե «Դրուժբա» խողովակաշարով մատակարարվող ռուսական նավթի որակը չի համապատասխանում չափանիշներին, ինչից հետո դրանից հրաժարվել էին Լեհաստանը, Հունգարիան, Գերմանիան և Չեխիան:
Ռուսաստանը խոստացել է շտկել իրավիճակը մոտ երկու շաբաթվա ընթացքում: