Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները զգուշացնում են՝ Քաղաքացու օրվա տոնը կարճ կյանք է ունենալու


Արխիվ -- Քաղաքացիները տոնում են Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, 9-ը մայիսի, 2018թ․

Մինչ իշխանությունը Հայաստանով մեկ տոնում է Քաղաքացու օրը, ոչ իշխանական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շտապում է սեփական ամառանոց՝ ծառատունկի:

Տնկիները իշխանական խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է նվիրել:

ԲՀԿ-ական պատգամավորը Քաղաքացու օրվան անմասն է, իրեն տոնի հասցեատեր չի համարում: - «Քաղաքացի լինելը տոնով չի, քաղաքացի լինելը կալենդարում պտիչկա դնելով չէ: Կա՛մ դու քաղաքացի ես, որ գիտես քո իրավունքները, քո պարտականությունները, քո արժեքը, քո դերը այս կյանքում, կա՛մ դու քաղաքացի չես», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն իրեն քաղաքացի է զգում տարվա բոլոր օրերին, նույնն էլ մաղթեց օրը տոնողներին: - «Շատ եմ ուզում, որ օրը ավարտվի և վաղը իրենք լինեն նույնպիսի քաղաքացի, ինչպես կարծում են, որ այսօր են լինելու», - հավելեց նա:

Տոնի պակաս ընդդիմադիր Դաշնակցությունում էլ չկա․ գերագույն ժողովներն են սկսվել: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ կուսակցությունում այսօր դա է տոնը, իսկ Քաղաքացու օրը նշելը անընդունելի է համարում: - «Ես ինձ համարում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ տոնի հասցեատեր, որովհետև տոնի բովանդակությունը այդպես էլ անհասկանալի է, անըմբռնելի է», - մեզ հետ զրույցում նշեց Մինասյանը:

Հեղափոխական կառավարությունում մի քանի ամիս նախարար աշխատած Մինասյանը իշխանության ձևակերպումներից եզրահանգել է՝ տոնը քաղաքացու հետ կապ չունի․ - «Շատ ավելի մտահոգիչ են հենց այն հիմնավորումները, որոնք ի սկզբանե դրված էին այսօրվա ձևավորման խորհրդի հիմքում: Իշխանության գալու կամ իշխանությունից հեռացնելու, իշխանությունը նվաճելու օրն էին փորձում մարդիկ նշել: Սա ընդունելի չէ»:

Հեղափոխական կառավարությանը կարճ ժամանակով մաս դարձած ուժերի՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները զգուշացնում են՝ Քաղաքացու օրվա տոնը կարճ կյանք է ունենալու՝ մինչև հաջորդ իշխանություն:

«Ցավոք սրտի մեզանում տոներն էլ, ինչպես ամեն ինչը, հարմարեցվում է օրվա իշխանության կոնյունկտուրային: Վատը դա է: Որ օրը այս իշխանությունը փոխվեց, անմիջապես տոների և հիշատակի մասին օրենքում արվելու է փոփոխություն և ասելու են այն բառը, որ ասում ենք մենք բոլորս՝ քաղաքացու օր է ամեն օրը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Ես, միանշանակ, ըմբռնումով եմ մոտենում բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր առավոտյան հագնելու են իրենց պլպստան շորերը, հագնելու են իրենց ամենագեղեցիկ հագուստը և դուրս են գալու փողոց, հիշելու, որ իրենք այսօր հատկապես քաղաքացի եմ: Ես հատկապես քաղաքացի չեմ այսօր, ես քաղաքացի եմ ամեն օր»:

Արծվիկ Մինասյանը հավելեց․ - «Ես այս տոնին երկար կյանք չեմ կարող կանխատեսել, որովհետև ոչ մի տրամաբանական կապ չկա ապրիլի վերջին նշելը, եթե դա չի կապվում իշխանափոխության հետ: Նույն տրամաբանությամբ, ցանկացած իշխանության փոփոխության դեպքում այդ օրը պետք է հայտարարեն Քաղաքացու օր կամ պահանջատեր քաղաքացու օր»:

Զոհրաբյանն էլ, Մինասյանն էլ «Քաղաքացու օրը» նշողներին բարձր տրամադրություն են մաղթում և ցանկանում, որ սիրո և թավշյա հեղափոխությունը չվերածեն ատելության ու թշնամանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG