Մատչելիության հղումներ

«Հնդիկները գալիս են Հայաստան՝ կարծելով, թե ԵՄ անդամ երկիր է»․ Հնդկաստանի քաղաքացի


2018-ին բիզնես հիմնելու մտադրությամբ Հայաստան եկած հնդկաստանցի Դեվինդեր Սինխի ընտանիքը ծանր կացության մեջ է հայտնվել:

«Հնդիկ գործակալը, որը մեզ Հայաստան է բերել, ընդհանուր առմամբ ավելի քան 7000 դոլար է մեզնից վերցրել, մի մասը փաստաթղթերի, մի մասը ճանապարհածախսի ու այսպես կոչված գրպանի ծախսի համար, որ ցույց տա, որ զբոսաշրջիկներ ենք այդ գումարները նա այդպես էլ չի վերադարձրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դեվինդեր Սինգխը:

Հնդկաստանի քաղաքացին պնդում է, որ իրենց Հայաստան բերած անձը խոստացել է վերցրած գումարով օգնել այստեղ բիզնես սկսել: Դեվինդեր Սինգխը դիմել է ոստիկաններին ու նամակ ուղարկել Հայաստանի արտգործնախարարին: Ոստիկանությունից պատասխանել են, որ խնդիրը պետք է լուծել դատական կարգով:

«Հհիմա չգիտենք այդ փողերն ինչ են եղել: Մեզ նման ևս երեք ընտանիքից է այդպես գումար վերցրել և չի վերադարձրել», - ասաց նա:

Դեվինդերի խոսքով, իրենց Հայաստան բերած անձը պահանջել է նաև իր կնոջ՝ Պրետիի ոսկեղենը, քանի որ նախապես ավելի մեծ գումարի շուրջ են պայմանավորվել․ - «Որ հետո երբ այստեղ գործերը դասավորենք, գումարը տանք ու հետ վերցնենք»:

Դեվինդերի դուստրը՝ Ալինան Երևանում է լույս աշխարհ եկել: Հայրն ասում է, որ ընտանիքը պահելու համար տարբեր աշխատանքներ է կատարում․ - «Ժամանակ առ ժամանակ շինարարական աշխատանքներ եմ անում՝ օրվա հացի համար, 9-10 ժամ աշխատանքի դիմաց ստանալով 5000 դրամ»:

Դեվիդները Հնդակստանում գրասենյակային աշխատանք է արել, ասում է՝ սպասում է, որ վերադարձնեն գումարը, որ իրենք էլ վերադառնան։

Չնայած խնդիրներին՝ իրենց այստեղ լավ են զգում․ - «Հայաստանը շատ լավ երկիր է: Մարդիկ շատ լավ են մեզ վերաբերվում: Ես այստեղ երջանիկ եմ»:

Հայաստանում այս կամ այլ խնդիրների բախված հնդիկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սեմ Սինգխն ասում է, որ իր հայրենակիցներն նմանատիպ իրավիճակներում են հայտնվում, որովհետև բավարար գրագիտություն չունեն․ - «Մարդիկ, որոնք բավարար կրթություն չեն ստացել, չեն հասկանում, որ Հայաստանը Եվրոպա չէ: Գալիս են՝ մտածելով, որ ԵՄ տարածք է և հեշտությամբ կարող են շենգենյան գոտու այլ երկիր մեկնել: Հնդիկ խաբեբաներն էլ օգտվում են դրանից և 4,5 հազար դոլար պահանջում Հայաստան բերելու համար: Սակայն այստեղ գալու համար ընդամենը պետք է օնլայն դիմում լրացնել և վերջ»։

Սեմ Սինգխը, ով այստեղ արդեն սեփական բիզնես՝ հոսթել ունի, ամիսներ առաջ ֆեյսբուքյան խումբ է բացել, որի միջոցով խնդիրներ ունեցող հնդիկները կապվում են միմյանց հետ․ - «Սկսեցի բլոգ վարել ու մարդկանց հորդորել, որ խոստումների դիմաց ոչ մեկի գումար չտան: Շատ դեպքերում անձամբ եմ օգնել նրանց»։

Նրա խոսքով, հնդիկների խաբելու միակ տարբերակը Եվրոպա գնալու խոստումը չէ: Հայաստանում բարձր աշխատավարձ են խոստանում՝ 7-8 հարյուր դոլար, սակայն իրականում 3,4 անգամ քիչ են ստանում․ - «Սա վերաբերվում է մի քանի բիզնեսներին՝ մեքենայի լվացման և սպասարկման կետերին, հոսթելներին ու կարծում եմ ռեստորաններին»։

Նա հորդորում է իր հայրենակիցներին Հայաստան գալուց առաջ պարզապես հարց ու փորձ անել երկրի մասին՝ այդպիսով խուսափելով նման պատմություններից։

Ի դեպ, անցյալ տարի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգն ավելի է դյուրացվել` հնարավորություն տալով վիզա ստանալ առանց հրավերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG