Մատչելիության հղումներ

Պեկինում կայացել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները


Կրեմլի հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օգոստոսին Ռուսաստանում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդների գագաթաժողովը:

Հանդիպմանը Պուտինն ու Ալիևը գոհունակություն են հայտնել արդյունավետ զարգացող ռուս-ադրեբջանական փոխգործակցություն կապակցությամբ։

Պուտինը, մասնավորապես, շեշտել է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարի աճել է 14 տոկոսով և կազմել է շուրջ 2,5 միլիարդ դոլար:

Ալիևն իր հերթին ընդգծել է, որ շատ լավ զարգացող հարաբերությունները ներառում են բոլոր ոլորտները, ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, ստեղծված են կոնկրետ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս իրագործել կոնկրետ ծրագրեր տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ, գյուղատնտեսսւթյան և հումանիտար բնագավառներում: Ալիևը հայտատարել է, որ Բաքուն շատ է կարևորում Մոսկվայի հետ հարաբերությունները:

Բանակցություններին քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար: Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը չի հայտնում, որ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Տեսագրվել է միայն հանդիպման սկիզբը, որտեղ Ղարաբաղի մասին խոսք չկա: Սակայն Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրությունում գրել է, թե ղարաբաղյան հարցը նույնպես քննարկվել է:

Վերջին անգամ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 2-ին: Մարտի 29-ին Հայաստանի վարչապետի հետ Վիեննայում ունեցած իր հանդիպումից հետո Ալիևը զանգահարել էր Պուտինին և, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, Պուտինին ներկայացրել էր «Փաշինյանի հետ բանակցությունների արդբեջանական կողմի գնահատականը»:

Պեկինում այսօր մեկնարկած երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 100 երկրների նախարարներ և ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG