Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Դեսպանի նստավայրը Մադրիդն է:
Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Արտգործնախարարության տրամադրած կենսագրական տվյալների համաձայն՝ Վլադիմիր Կարմիրշալյանը 63 տարեկան է, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, 1977 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախ խորհրդային Հայաստանի և ԽՍՀՄ, ապա՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության համակարգում: Եղել է Հայաստանի դեսպանը Շվեդիայում, համատեղության կարգով՝ նաև Դանիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում, և Արգենտինայում, համատեղության կարգով՝ նաև Ուրուգվայում և Չիլիում: Ղեկավարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին կից Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնը: