Մատչելիության հղումներ

Սահմանի անվտանգությունը մեր երկրի, մեր ապագայի, մեր երեխաների անվտանգությունն է. Փաշինյան


«Սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունը», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ։

Հայաստանում այսօր նշվում է Սահմանապահ զորքերի օրը:

«Հայաստանի Հանրապետություն ասելով առաջին հերթին մենք նկատի ունենք մեր երկրի սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, մեր տեղն արևի տակ, ապագայի և անցյալի մասին մեր պատկերացումը։ Եվ ուրեմն՝ սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն։ Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրն՝ առաջին հերթին նկատի ունենալով Ազգային անվտանգության ծառայությանը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև՝ առաքելություն, և այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են Սահմանապահ զորքերի ծառայողները, Զինված ուժերի ծառայողները, Ոստիկանության զորքերի ծառայողները, և այսօր Հայաստանում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ, կամ սահմանապահ բնակավայր, և, այս առումով, Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր Զինված ուժերի, ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է», - ասաց վարչապետը՝ նախ շնորհավորելով տոնի կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնելով բոլորին կատարած աշխատանքի համար։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն իր ելույթում ընդգծեց՝ Հայաստանի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը։

«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք եք։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների», - մասնավորապես ասաց Վանեցյանը՝ շնորհավորելով սահմանապահներին օրվա կապակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG