Մատչելիության հղումներ

Կանխվել է արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ. ԱՆ


«Նուբարաշեն» ՔԿՀ, արխիվ
«Նուբարաշեն» ՔԿՀ, արխիվ

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ:

Ըստ հաղորդագրության, ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009-ի դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացի Ֆրանսիզ Ռ-ն հայտնաբերվել և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցներն, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1 ականջակալ, որոնք Մ.Վ-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ-ին: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 18-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն-ի անվամբ քաղաքացի Գ. Դ-ի բերած հանձնուքը: Զննության արդյունքում ջեմի միջից հայտնաբերվել և առգրավվել է 17 հատ դեղապատիճ՝ ընդհանուր 14.3 գր քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 17-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն-ի անվամբ քաղաքացի Կ. Ջ-ի բերած հանձնուքը: Զննության արդյունքում 0,5 կգ շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերվել և առգրավվել է 11 հատ կոնֆետ, որոնցից 5-ի մեջ եղել է մուգ շագանակագույն, կոշտ զանգված՝ ընդհանուրը 78,14 գրամ քաշով, իսկ մյուս 6-ում՝ սպիտակ, կոշտ զանգված՝ ընդհանուրը 86,38 գրամ քաշով: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գր քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կառավարության ապրիլի 18-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում։

«Այս հարցերը լուծված չեն: Շատ կարևոր է հասկանալ մի բան. պարտադիր չէ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ վարչապետը բոլոր տեղերը մտնի և ասի որտեղ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրո՞ւմ են, թե՞՝ չէ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե՞՝ չէ, լրատվությանը ծանոթանո՞ւմ են, թե՞՝ չէ, ելույթներին հետևո՞ւմ են, թե՞՝ չէ: Այդ մարդիկ հետևություններ չե՞ն անում: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում, կարո՞ղ եք բացատրել ինչ է դա նշանակում: Եվ այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատե՞լ իր պաշտոնում», - ասել էր վարչապետն ու հանձնարարել արդարադատության նախարարին ներկայացնել երկարաժամկետ ծրագիր՝ ոլորտում առկա բոլոր խնդիրների լուծման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG