Մատչելիության հղումներ

Տոնոյան․ Խաղաղության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է


«Մենք բոլորս մեծ անհանգստությամբ փաստում ենք միջպետական հարաբերություններում լարվածության աճը, անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացումը, հակամարտությունների գոտիների նկատելի ընդլայնումը ներպետական ճգնաժամների սրացման հետևանքով, նախևառաջ՝ էթնիկ և կրոնական հողի վրա», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ երեկ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովում:

«Միևնույն ժամանակ, մեր աշխարհն առավել փոխկապակցված է դարձել, երբ որոշակի տարածաշրջանի ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ողջ աշխարհում: Նման իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է», - ընդգծել է Տոնոյանը՝ շարունակելով․ - «Վերոնշյալ հանգամանքները համաշխարհային հանրության առջև դինամիկ զարգացման խնդիրներ են դրել և ստեղծել խաղաղապահ գործողությունների մոտեցումներն ու չափանիշները վերանայելու նախադրյալներ, որոնք, իրենց ներկայիս ձևով, այնպես, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում համատեղ պարտավորությունների մասին Հռչակագրում, նկատելիորեն հնացած են՝ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունները»:

«Ասվածը ենթադրում է առաքելության լեգիտիմության, գործընկերների հետ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային ուժերի կազմի և նրանց ներգրավման կամ հաշտեցման կանոնների վերաբերյալ դիսկուրսի վերսկսում: Լեգիտիմությունն այն պայմանն է, որը հիմնված է որոշակի լսարանների կողմից օրինականության, բարոյականության, կամ մի շարք գործողությունների՝ ճիշտ լինելու ընկալման վրա, և այն խաղաղապահության խնդիրների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում, ունենալով երկու առանցքային կողմ` ընդունող երկրի կառավարության և միջազգային առաքելության օրինականությունը (լեգիտիմությունը)», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: - «Մասնավորապես, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքում միջազգային հանրությունը պետք է խստորեն հետևի ՄԱԿ-ի երկու հիմնարար սկզբունքներին՝ միջազգային առաքելությունը պետք է իրականացվի առնվազն ընդունող երկրի օրինական իշխանությունների համաձայնությամբ, և խաղաղապահ ուժերը խնդիրներ են կատարում առանց նախապաշարումների և բացարձակապես անկողմնակալ»:

Առաքելության տարբեր գործընկերների, կամ առնվազն՝ շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցության խնդիրը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Տոնոյանը: Վերջապես, նրա խոսքով, խաղաղապահ ուժերը պետք է ունենան ռացիոնալ մանդատ և պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ գործելով բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի և առաջադրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակում:

«Այսօր ավանդական խաղաղարարությունն առավել բազմակողմանի է դառնում, երբ զուտ ռազմականի փոխարեն առանցքային են բազմաբնույթ խնդիրներ, զինվորական անձնակազմն իր տեղը զիջում է զինվորական-ոստիկանական-քաղաքացիական անձնակազմին, իսկ խաղաղապահ ուժերի անուղղակի դերը քաղաքական գործընթացներում փոխարինվում է դրանցում առավել անմիջական ներգրավմամբ», - հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ ներկայացնելով իր կարծիքը միջազգային խաղաղապահ ուժերի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ:

«Արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվելով անկայուն և անկանխատեսելի անվտանգային իրավիճակում, երբ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունները բավական երերուն են, Հայաստանը, պաշտպանական կարողությունների հետևողական զարգացմանը զուգահեռ, ավելացնում է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման իր ազգային կարողությունները: Հայաստանը, լինելով միջազգային անվտանգության և կայունության արժեքը գործնականում ճանաչած երկիր, վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության ոլորտում կուտակել է լուրջ փորձ, որն սկսվել է Կոսովոյում և Իրաքում: Ներկայում հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում», - ասել է Դավիթ Տոնոյանը:

«Մենք նաև հետևողականություն ցուցաբերեցինք լայնածավալ ճգնաժամի պայմաններում գտնվող տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը», - հայտարարել է նախարարը: Այդ տարածաշրջանում հայկական մարդասիրական առաքելության իրականացումը, շեշտել է նա, «հիմնավորված է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության պատմական գործոնով և մեր արմատները Մերձավոր Արևելքում պահպանելու ցանկությամբ` հաշվի առնելով վերջին ավելի քան տասը տարվա անկայունության դառը փորձը, ինչի հետևանքը դարձավ Իրաքից հայերի զանգվածային արտագաղթը»:

«Մարդասիրական առաքելությունը ներառում է բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, որոնք, իրենց ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, օգնություն են ցուցաբերում երկարատև պատերազմից տառապող Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը», - նշել է նա:

«Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք օգտագործել մեր ողջ ներուժը, և, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին», - ասել է նախարարը:

«Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Հայաստանը հանդես է գալիս որպես ջատագով միջազգային իրավունքի նորմերի և ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, ողջամիտ գլոբալացման և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի և առավելապաշտական մոտեցումների, ատելության հռետորաբանության և ռազմատենչ հայտարարությունների վրա խարսխված քաղաքականության բացառման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG