Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն հրաժարվում է ընդգրկվել ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի քննարկման աշխատանքային խմբում


ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյան, 25-ը ապրիլի 2019 թ.

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որոշել են չմասնակցել այդ աշխատանքներին, որպեսզի իրենց չմեղադրեն շահերի բախման համար:

«Մենք հրաժարվել ենք մասնակցել հետագա քննարկումներին՝ ցույց տալով, որ որևէ շահերի բախում էստեղ չի կարող լինել։ Եթե շահերի բախում լիներ, մենք կգնայինք, կասեինք ակտիվ՝ բերեք անպայման էդ կլինկերի վրա, մենք հրաժարվել ենք։ Ոնց կորոշի քաղաքական մեծամասնությունը, մեր համար ընդունելի կլինի, որպեսզի չասեք շահերի բախման, ոչ միայն դրա համար, բայց արձանագրելով, որ ամբողջական պատասխանատվությունը, այդ կոլեկտիվների և տեղական արտադրողների հետ կապված, մնալու է հենց «Իմ քայլը» քաղաքական մեծամասնության վրա», - նշեց Մելքումյանը։

Ներկրվող ցեմենտը հարկելու մասին այս նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց անցած շաբաթ: «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին, նրանց առաջարկները չէին ընդունվել: Իշխանությունը առաջարկեց մինչև երկրորդ ընթերցումը աշխատանքային խումբ ձևավորել և քննարկել ընդդիմության առաջարկները:

Այս քննարկումներին չմասնակցելու ԲՀԿ-ի որոշմանը նախորդեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունը, որ ԲՀԿ-ի ակտիվ մասնակցությունը շահերի բախում է, քանի որ կուսակցության ղեկավարին է պատկանում Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր «ԱրարատՑեմենտ» գործարանը:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները կոնկրետ շահերի բախման հետ կապված խնդիր ունեն և պետք է դրա մասին հայտարարություն անեն: Եվ դեմ քվեարկելը դա չի փոխում, որովհետև օրենքը ասում է, որ անգամ ելույթ ունենալուց առաջ նշված հարցերը, այսինքն՝ ելույթը լոբբինգ է, դու լոբբինգ ես անում։ Դու եթե գիտես, որ շահեր կա ստեղ, շահեր ունես փոխկապակցված կամ ուղղակի, չպետք է այդ հարցով ելույթ ունենաս», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Օրինագծով կառավարությունը առաջարկում է 22 հազար դրամ տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա, քանի որ այն մի քանի անգամ էժան է տեղական արտադրանքից: ԲՀԿ-ականները պնդում են, որ սա չի կարող արդյունավետ լուծում համարվել, եթե տուրք չսահմանվի նաև ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, որը նույնպես էժան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG