Մատչելիության հղումներ

Հանթը կնախընտրի ցանկացած դեպքում իրականացնել «Բրեքզիթ»-ը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթ, արխիվ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթ, արխիվ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը երեկ «Ռոյթերզ»-ին ասել է, թե կգերադասի, որ երկիրն առանց պայմանագրի դուրս գա Եվրոպական միությունից այն դեպքում, եթե իրեն առաջարկեն ընտրություն անել «Բրեքզիթ»-ից հրաժարվելու կամ առանց պայմանագրի միությունը լքելու միջև:

«Տնտեսագետները նախազգուշացնում են, որ առանց պայմանագրի դուրս գալը հղի է տնտեսության համար ծանր հետևանքներով, սակայն Եվրոպական միությունից դուրս գալու մասին 2016 թվականի հանրաքվեով ընդունված որոշումից հրաժարվելը մեր դեմոկրատիայի համար է՛լ ավելի վտանգավոր է», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ «Բրեքզիթ»-ի գործարքի հաստատման դեպքում ինքը պատրաստ է ազատել պաշտոնը: Սակայն, նրա առաջարկած փաթեթը մի քանի անգամ մերժվել է խորհրդարանում:

Սուրբ Հարության տոնից հետո գումարած առաջին ժողովում Պահպանողական կուսակցության առաջատար գործիչները քննարկել են պաշտոնն ազատելու հստակ ժամանակացույցը վարչապետ Մեյին պարտադրելու հնարավորությունը:

Մեյի կառավարության նախարարներից մի քանիսը հիմա համարվում են Պահպանողական կուսակցության հավանական առաջնորդի թեկնածուներ:

Ջերեմի Հանթը երեկ ասել է, որ հարկ է ընտրել կուսակցության այնպիսի ղեկավարի, ով «կհավատա «Բրեքզիթ»-ի որոշմանը»:

Ինքը՝ Հանթը, 2016 թվականի հանրաքվեից առաջ բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական միության կազմում մնալու գաղափարի ջատագով է:

Արդյո՞ք Հանթը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին: Նա հրաժարվել է պատասխանել այդ հարցին և ընդամենն ասել է. - «Եկեք սպասենք»:

«Բրեքզիթ»-ը պետք է մեկնարկեր այս տարվա մարտի վերջին, սակայն Լոնդոնը և Բրյուսելը փոխադարձ համաձայնությամբ մեկնարկը հետաձգել են մինչև հոկտեմբերի 31-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG