Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետ․ Այն, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, ապացուցված է փաստերով


«Ֆրանսիան թույլ չի տա իր վրա ազդեցություն գործել ճնշման ու ստերի միջոցով», - նախօրեին Փարիզում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը՝ հակադարձելով պաշտոնական Անկարայի քննադատությանը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու՝ Ֆրանսիայի նախագահի որոշման առնչությամբ:

Ֆրանսպրեսը տեղեկացրել է, որ երեկ Ֆրասիայում առաջին անգամ պաշտոնապես նշվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրը: Արարողության ժամանակ վարչապետ Ֆիլիպը ծաղիկներ է դրել Կոմիտաս վարդապետի հուշարձանին:

Իր խոսքում Ֆրանսիայի վարչապետը նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականների աքսորով մեկնարկած զանգվածային տեղահանության հետևանքով Անատոլիայի ճանապարհները վերածվել էին մահվան երթուղիների, և ընդգծել․ - «Թուրքիայի կողմից հայերի զանգվածային կոտորածները դարձան 20-րդ դարի մյուս ցեղասպանությունների նախագուշակը: Այն, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, ապացուցված է փաստերով, և վաղուց արձանագրված է պատմաբանների կողմից: Այդ սարսափը վերհիշելը չի նշանակում համակերպվել դրա հետ, այլ՝ դասեր քաղել ու աշխատել ավելի լավ աշխարհ կառուցելու համար: Սարսափին առերեսվելը արդարության հասնելու նախապայման է»:

Պաշտոնական Անկարան իր հերթին Ֆրանսիային է առերեսման կոչեր անում: Նախագահ Թայիփ Էրդողանը, հիշատակելով Ռուանդայի և Ալժիրի կոտորածները, հայտարարել էր, թե Ֆրանսիան չի կարող իրենց դասեր տալ այս հարցում:

«Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների և ժողովրդավարության դասեր տվողները բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն», - ասել էր Էրդողանը։

Նա նաև պնդել է, թե «աքսորն ու կոտորածը տարբեր երևույթներ են, և որ Արևելյան Անատոլիայում մահմեդական բնակչությանը՝ կանանց, երեխաներին, ծերերին սպանած հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների աքսորը այն ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»:

Թուրքական իշխանությունները, այսպես կոչված հայ ապստամբների կողմից ավելի քան կես միլիոն մահմեդականների կոտորածի մասին հիշեցրել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Թուրքիայի արտգործնախարարությունը, արձագանքելով Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին, նշել է, թե «ԱՄՆ նախագահի հայտարարությունը որևէ արժեք չունի» և «ներքաղաքական նպատակներով պատմության խեղաթյուրումը անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG