Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը բավարարելու է «Արմավիր» ՔԿՀ-ի պետի հրաժարականի դիմումը


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան:

Ազգային անվտանգության ծառայության աղմկահարույց հրապարակումից հետո հրաժարական է ներկայացրել Արդարադատության նախարար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը: Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարը հավելեց, որ հրաժարականի դիմումը բավարարելու է․ - «Մենք քննարկում ենք իրականացրել, դեպքի վերաբերյալ խորհրդակցություններ ենք անցկացրել, և քրեակատարողական հիմնարկի պետը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Իր կամքը ձևավորվել է ազատորեն և իր կամքը դրսևորվել է ազատորեն: Ինքը այդպես է որոշել: Անշուշտ, սրանք մեկը մյուսի հետ կապված են»:

Կառավարության նախորդ նիստում դիմելով Արտակ Զեյնալյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե քրեակատարողական հիմնարկներում այսօր էլ մարդիկ կան, ովքեր արտոնյալ պայմաններում են․ - «Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում: Եվ էդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատել իր պաշտոնում»:

Զեյնալյանն արձագանգքել էր․ - «Պարոն վարչապետ, ինձ այդպիսի փաստ հայտնի չէ, որ որևիցե մեկի հանձնուքը չի ստուգվում: Կան խնդիր կապված ռապիսկաների հետ, որոնք ստուգում են: Բայց որևէ մեկի խուցի դուռը բաց չի, որևէ մեկի վալչոկը այսպես կոչված, բաց չի, որևէ մեկը արտոնյալ չի, ում խուցը չեն խուզարկում, ստուգում»:

Արդարադատության նախարարի հավաստիացումներից հետո՝ ապրիլի 23-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ հրապարակեց, ըստ որի քրեակատարողական հիմնարկներից մեկում կազմակերպվել է հանցավոր խումբ, որը մարդկանցից խաբեությամբ հեռախոսներ է հափշտակել, անսպասելի խուզարկությունների արդյունքում խցերում հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ: Բացի այդ, պարզվել է նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ, առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:

Զեյնալյանն այսօր արձագանքեց․ - «Դուք լրագրողական կամ քարոզչական տեխնոլոգիաներին ծանոթ եք, և էդպիսի տպավորություն ինչպես կարելի է ստանալ ու ստեղծել: Ասենք, օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկում, և ջերմաստիճանը, ասենք, բարձր է ներսում: Եվ այդ օդափոխությունը ապահովելու համար, առանց խտրականության, առանց տարբերակման և առանց կոռուպցիոն որևէ դրսևորման, խցերի կերակրապատուհանները բաց են լինում բոլորինը: Դրա անօրինականության մասին է խոսքը: Դրա ի՞նչ է անօրինական: Եթե, ասենք, խցում չկա դատապարտյալ, դրա բաց լինելը կամ փակ լինելը որևէ նշանակություն չունի»:

Նախարարն ասաց, որ այս գործը «դառնալու է դատական վերահսկողության առարկա», իսկ ԱԱԾ գործողությունում «ուղղորդում» չի տեսնում․ - «Դրսից, պատուհանից կոն
կոչվածով փոխանցումներ են իրականացվում: Մենք կա՛մ պետք է ճաղավանդակները փոքրացնենք, ինչը կհանգեցնի իրավիճակի խախտման, կա՛մ պետք է զրահապատ պատուհաններ տեղադրենք և ներքին օդափոխության համակարգ դնենք, որը կարժենա 800 միլիոն դրամ: Իսկ այդ ամբողջը վերահսկել այն աշխատակազմով, որը այսօր մենք ունենք հաստիքացուցակով, գործնականորեն հնարավոր չէ: Նաև պետք է օրենսդրորեն արգելք դրվի դրա վրա, իսկ օրենսդրական արգելք դատապարտյալների կողմից մեկը մյուսին որևէ իր փոխանցելու, չկա»:

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ թավշյա հեղափոխությունից հետո անազատության վայրերում համակարգային փոփոխություններ դեռ չկան․ - «Պայմանական վաղաժամկետ ազատ [արձակման] ինստիտուտը սկսել է մի քիչ ավելի լավ գործել համեմատաբար, գերբնակեցման հետ կապված խնդիրներն է մեծ մասամբ լուծվել և երևի սննդի պահով, որ որոշակի փոփոխություններ կա: Բայց ֆունդամենտալ, որ ասենք փոփոխություն եղել է, օրինակ, քրեական ենթամշակույթի հետ կապված, կոռուպցիայի և այլն, դրանք դեռ համակարգային խնդիր որպես այդպիսին շարունակում են մնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG