Մատչելիության հղումներ

Գևորգյանը փաստ է ներկայացնում՝ վերստին պնդելով, որ Ծառուկյանը «ԱրարատՑեմենտը» ձեռք է բերել 200 հազար դոլարով


«ԱրարատՑեմենտ» գործարանը, արխիվ
«ԱրարատՑեմենտ» գործարանը, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Իշխող «Իմ քայլից» պատգամավոր Հայկ Գևորգյանը այսօր Ազգային ժողովում կառավարության որոշումներով է փաստել, որ Ծառուկյանը գործարանը 17 տարի առաջ ձեռք է բերել 200 հազար դոլարով: Սա այն դեպքում, երբ ժամանակին մերժվել է 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը:

«Խոսքը գնում է 2002 թվականի 1465Ա որոշման, կառավարության որոշման մասին, որտեղ երկրորդ կետով նշվում է, որ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար։ Իրենց կայքում դրված է, որ 2002 թվականին գործարանը անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է», - նշեց Գևորգյանը։

Իշխանական պատգամավորն այս մասին առաջին անգամ հայտարարել էր Ազգային ժողովում անցած շաբաթ, ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկման ժամանակ: Ծառուկյանն էլ խոստացավ գործարանը նվիրել Հայկ Գևորգյանին, եթե նա ապացուցի, որ գործարանը այդ գնով է ձեռք բերվել:

«Ես կմեջբերեի էդ կառավարության որոշման նաև մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին», - այսօր ընդգծեց Գևորգյանը։

ԲՀԿ-ական Մելքումյանը հակադարձեց՝ թվարկելով մարված պարտքերը. «Գինը օտարվող պետական գույքի չի որոշվում միայն այն դրամական միջոցով, որը ներկայացվում է։ Այդ 200 հազարին գումարվել է 6 միլիոն 866 հազար դոլարը, որը գազի և հոսանքի պարտքերն են ամբողջական։ Սրանք եթե գումարենք, մոտ 10 միլիոն դոլարի գնագոյացման ամբողջություն է»։

Ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի քննարկման պատմությունն այսքանով չի ավարտվում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ուշադրություն է հրավիրում ոչ պակաս կարևոր հարցի վրա: Ըստ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, քննարկումը վերածել էր խմբակցության ղեկավարին պատկանող գործարանի շահերի պաշտպանության, ինչը հակասահմանադրական է:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները կոնկրետ շահերի բախման հետ կապված խնդիր ունեն և պետք է դրա մասին հայտարարություն անեն, և դեմ քվեարկելը դա չի փոխում, ինչո՞ւ՝ որովհետև օրենքը ասում է, որ անգամ ելույթ ունենալուց առաջ նշված հարցերը, այսինքն ելույթը լոբբինգ է, դու լոբբինգ ես անում։ Դու եթե գիտես, որ շահեր կա ստեղ, շահեր ունես փոխկապակցված կամ ուղղակի, չպետք է այդ հարցով ելույթ ունենաս», - ասաց Մարուքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG