Շոտլանդիայի կառավարությունը հաղորդել է, որ կնախաձեռնի անկախության ևս մեկ հանրաքվե, որը, ենթադրաբար, տեղի կունենա 2021 թվականին:
«Մենք ամենամոտ ապագայում կներկայացնենք հանրաքվեների անցկացման կարգին վերաբերող օրինագծեր», - երեկ Էդինբուրգում ասել է Շոտլանդիայի կառավարության ղեկավարը՝ առաջին նախարար Նիկոլա Սթարջընը, հույս հայտնելով, որ օրինագիծը պատրաստ կլինի մինչև այս տարեվերջ:
Շոտլանդացիները 2014 թվականին են անցկացրել անկախության հանրաքվե: Անկախության գաղափարը մերժվել է ձայների մոտ 10 տոկոսի տարբերությամբ․ ընտրողների 55.3 տոկոսը դեմ է արտահայտվել, 44.7 տոկոսը՝ կողմ:
Այնուամենայնիվ, Սթարջընը հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ 2016 թվականի հանրաքվեով ընդունված որոշումը հնարավոր է դարձնում Շոտլանդիայում անկախության հարցով ևս մեկ հանրաքվեի անցկացումը:
Շոտլանդացիների գերիշխող մեծամասնությունը 2016 թվականին քվեարկել է հօգուտ Եվրամիության կազմում Բրիտանիայի մնալուն:
Սթարջընը հայտարարել է, որ Շոտլանդիան նոր հանրաքվեի հարցում Բրիտանիայի խորհրդարանի թույլտվության կարիք չունի, սակայն, ի վերջո, այն պետք կլինի «հանրաքվեի արդյունքը կասկածի տակ չդնելու համար»:
«Բրեքզիթ»-ի մեկնարկը նախատեսված էր մարտի վերջին, բայց Լոնդոնը և Բրյուսելը պայմանավորվել են այն հետաձգել մինչև այս տարվա հոկտեմբերի 11-ը:
Շոտլանդիան ավելի քան 300 տարի առաջ է ընդգրկվել Մեծ Բրիտանիայի Թագավորության կազմում: