Մատչելիության հղումներ

«Չեմ տեսնում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ունի առաջնահերթ նշանակություն ՀՀ կառավարության համար». թուրքագետ


Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, արխիվ
Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, արխիվ

Գործող կառավարության ծրագրում չկա հայ-թուրքական հարաբերությունների մասին որևէ շեշտադրում, նկատում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Թե ինչու` Մելքոնյանը բացատրությանը ծանոթ է, բայց ընդունելի չի համարում:

«Հանրային գոնե քննարկումներում ես չեմ տեսնում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ունի կարևոր, առաջնահերթ նշանակություն Հայաստանի ներկա կառավարության համար, և գոնե հայտարարությունների մակարդակով մենք չենք տեսնում նշաններ, որ կարող են լինել նոր պրոցեսներ, արձանագրություններ և այլն։ Օրինակ՝ Պոլսո Հայոց պատրիարքի՝ Մեսրոպ Մութաֆյանի թաղմանը Հայաստանից որևէ պաշտոնյա ներկայացված չէր, մինչդեռ մենք ունենք փորձ, երբ, օրինակ, Թուրքիայի նախագահ [Թուրքիայի ութերորդ նախագահ] Թուրգութ Օզալի թաղմանը մասնակցում էր Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և այդ առիթն օգտագործում էր տարատեսակ շփումների համար», - ասաց թուրքագետը։

Ի տարբերություն ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների հարցում գործող իշխանությունները դեռևս նոր մոտեցում չեն ներկայացրել:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծիք է հայտնում՝ եթե թավշյա հեղափոխությունն ավելի ուժեղ ու ինքնիշխան Հայաստան տանող ճանապարհն է, ապա պետք է խորքային փոփոխություններ ակնկալել նաև Հայկական հարցի համատեքստում:

«Վերջին հաշվով էդ հարցը տասնամյակներ շարունակ զարգացել է հայկական անկախ պետականության բացակայության պայմաններում։ Այսինքն՝ աշխարհն այդ հարցն օգտագործել է տարբեր փուլերով, և չի եղել հայկական պետականություն, հիմա մենք արդեն մոտավորապես երեք տասնամյակ ունենք անկախ պետականություն, բայց մեծ հաշվով այդ պետականությունը դեռևս իր ամբողջական ռազմավարական դիրքավորումը Հայկական հարցի համատեքստում դեռևս չունի, իմ տպավորությամբ, և այդ դիրքավորումն անշուշտ պետք է լինի շատ ավելի լայնահուն, քան զուտ հայ-թուրքական հարաբերությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում վերահաստատեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի:

«Բայց մեծ հաշվով եկեք հասկանանք, որ Թուրքիան ի վերջո շատ լավ գիտի, չէ՞, որ Ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական ակտով չի ավարտվելու, թե չէ հիմա գուցե արդեն վաղուց ճանաչել էին և ամեն ինչ փակել, իրենք էլ ազատվել էին այդ հարցից։ Իրենք շատ լավ են հասկանում, որ դրան հետևելու են արդեն իրավաքաղաքական քայլեր, և այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ունի իմաստ, որպեսզի Հայաստանն այստեղ շատ նուրբ դիվանագիտական «մուկն ու կատու» խաղա՝ ասելով՝ «պահանջներ չունենք» և այլն, իսկ գուցե ժամանակն է արդեն իսկապես շատ հստակ խոսել այդ մասին, և այդ հստակությունը գուցե արդեն նաև դիմացինի համար ստեղծի նույնպես հստակ և նույնպես բաց լինելու անհրաժեշտություն», - ասաց Բադալյանը։

Ցեղասպանության ճանաչումն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության առանցքում չէր:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ցեղասպանության ճանաչումը դարձրեց իր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Թուրքիայի հետ ստորագրեց ցյուրիխյան արձանագրությունները, որոնք այդպես էլ չվավերացվեցին՝ Անկարայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով:

Հենց այդ արձանագրությունների պատճառով ժամանակին իշխանական կոալիցիայից դուրս եկած ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն, անդրադառնալով Հայկական հարցի ուղղությամբ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանն, ասում է՝ չկա հատուկ ճիգ ու համակարգված աշխատանք։

«Միշտ ավելին կարելի է անել, և, ինչպես ասացի, մանավանդ հատուցման թղթածրարի մեջ մենք ակնկալում ենք, որ Հայաստանն իր բաժինը վերցնի, նաև ուսումնասիրվի էդ թղթածրարը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Չնայած դիտարկումներին, որ ներկայիս իշխանությունների շեշտադրումները, ըստ էության, չեն տարբերվում նախորդներից, քաղաքագետ Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ մեկ ակնհայտ տարբերություն այնուամենայնիվ կա։

«Նախկին իշխող համակարգը հատկապես, երբ էդ համակարգը սկսեց էապես զգալ ոչ-լեգիտիմության ծանրությունը նաև միջազգային ասպարեզում, այդօրինակ խոշոր հարցերը դիտարկում էր առավելապես սեփական լեգիտիմությունը սպասարկելու տեսանկյունից, և հայտարարությունները երբ արվում էին, արվում էին՝ հաշվի առնելով հենց դա, թե ինչքանով դա կնպաստի միջազգային կենտրոնների հետ հնարավորինս անաղմուկ, հնարավորինս սահուն, հարթ հարաբերությանը, և այստեղ շատ հաճախ իսկապես պետական ռազմավարությունը մնում էր երկրորդ պլանում», - ընդգծեց քաղաքագետը։

XS
SM
MD
LG