Մատչելիության հղումներ

Ե՞րբ է ստորագրվելու ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը․ Բաքվից հակասական ազդակներ են ստացվում


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 4-ը ապրիլի, 2019թ․
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 4-ը ապրիլի, 2019թ․

Ի վերջո, ե՞րբ կստորագրվի Եվրամիություն-Ադրբեջան համաձայնագիրը: Վերջին երկու օրերին այս հարցի շուրջ Բաքվից հակասական ազդակներ են ստացվում:

Նախ Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը, երեքշաբթի օրը կայացած լիագումար նիստի ժամանակ դիմելով պատգամավորներին, հայտարարեց, թե Բրյուսելի և Բաքվի միջև պայմանագրի նախագիծն արդեն իսկ պատրաստ է և այն կքնվելու է հաջորդ ամիս` մայիսի 13-ին:

«Ադրբեջան-ԵՄ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը պատրաստ է: Դրանում արտացոլված է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը», - հայտարարում էր Ասադովը:

Խորհրդարանի խոսնակի այս հայտարարության հաջորդ օրն արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստիպված էր հերքել Ասադովի հայտարարությունները` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Մայիսի 13-ին Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում չի ակնկալվում: Բանակցությունները այն փաստաթղթի շուրջ, որ հանդիսանալու է ԵՄ և Ադրբեջանի հարաբերությունների իրավական հիմքը, դեռ շարունակվում են», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, թե կողմերը մոտ են բանակցությունների ավարտին:

«Վերջերս մենք կարողացանք բանակցությունների առարկա հանդիսացող խնդիրների երեք խմբերի շուրջ համընթաց քննարկում կազմակերպել: Պայմանագրում առկա խնդիրների 90 տոկոսը համաձայնեցված է, և առաջընթացի հնարավորությունները բավական լավն են», - նշում էր Մամեդյարովը:

Եվրամիության ղեկավարությունը Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև այս կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու մանդատը տրամադրեց 2016-ի նոյեմբերին: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996-ին կնքված երկկողմ փաստաթղթին:

Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, եվրոպական կառույցներին խորհուրդ է տալիս չշտապել: Անցած շաբաթավերջին Բաքվում կայացած քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները մտավախություն էին հայտնում, որ Բրյուսելը կարող է աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ հանուն նոր համաձայնագրի կնքման:

«Ադրբեջանը ժամանակին անդամագրվեց Եվրոպայի խորհրդին և խավիարային դիվանագիտության միջոցով վարկաբեկեց եվրոպական գաղափարը: Մենք նման երկրորդ իմիտացիայի ականատեսը դառնալու ցանկություն չունենք», - հայտարարում էր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:

«Եվրամիությունը չպետք է սեպարատ համաձայնագիր կնքի` հանուն աշխարհքաղաքական և էներգետիկ շահերի զոհաբերելով ժողովրդավարությունը», - նշում էր մեկ այլ հայտնի ընդդիմադիր Փանահ Հուսեյնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG