Մատչելիության հղումներ

«Վարչապետը մեկ անգամ չէ, որ նշել է՝ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններին տեղ չկան». Տաթևիկ Հայրապետյան


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության և միջազգային անվտանգության կարևոր գործոն է և լինելու է մեր առաջնահերթությունների շարքում», - այս մասին կարդում ենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում:

Չնայած դրան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իր առաջին ելույթի ընթացքում անդրադարձ չկատարեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հայ-թուրքական հարաբերություններին:

Այս հանգամանքը չվրիպեց քննադատների ուշադրությունից, նկատեցին՝ նախկինում միջազգային ամբիոններում հարցը միշտ բարձրաձայնվել է:

Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը քննադատությանը համաձայն չէ։

«Տվյալ պարագայում ավելի նպատակահարմար համարվեց, քանի որ ԵԽԽՎ-ն հենց մարդու իրավունքների պաշտպանության և նման հարցերով է զբաղվում, շեշտադրումը կատարել արցախյան հիմնահարցի վրա և դա ներկայացնել մարդու իրավունքների տեսանկյունից, բայց նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ցեղասպանության մասին խոսք և նշում հստակ եղել է, ու պարտադիր չի, որ ամեն անգամ վարչապետը դրա մասին խոսի, դա մեզանից յուրաքանչյուրի պարտավորությունն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը։

ԵԽԽՎ-ում արդեն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը թեմայից խոսել է, ընդգծում է պատգամավորը:

Վարչապետն, ըստ պատգամավորի, մեկ անգամ չէ, որ նշել է՝ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններին տեղ չկա:

Տաթևիկ Հայրապետյանը վերահաստատում է՝ հայ-թուրքական սահմանի բացումը որևէ կերպ չի կարող կապվել արցախյան հակամարտության կարգավորման հետ, և գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է:

«Ես չեմ կարծում, որ կան ինչ-որ հստակ նոր նախաձեռնություններ, որով մենք պետք է հանդես գանք, քանի դեռ Թուրքիան չի արձանագրել, որ պատրաստ է առանց նախապայմանների իսկապես խոսել նորմալացման գործընթացի մասին, ու նաև որքանով հետևում եմ Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին ու դիսկուրսներին, դժվար թե մենք նման ուղերձ առաջիկայում լսենք», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG