Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

«Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը», - մասնավորապես ասված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: - «Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է»:

«Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան և մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով», - գրում է Արման Սարգսյանը իր ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG