Մատչելիության հղումներ

Չլիցենզավորված ուղևորափոխադրողներին «պատժելու համար գործիքակազմ չկա»


Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյան
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյան

Սևան հասնելու համար Երիտասարդական մետրոյին հարակից տարածք հասած ուղևորները ընտրության առաջ են կանգնում՝ գնալ «Գազելո՞վ», որի արժեքը 500 դրամ է, թե՞ դիմացի մայթից մեկնող «Սպրինտերներով»՝ վճարելով 100 դրամ ավելի։

«Գազելներով» ուղևորափոխադրումներ իրականացնողները բողոքում են, թե դիմացի մայթին կայանած մեքենաների պատճառով իրենց գործը կանգնած է:

«Երեք հոգի, հինգ հոգի բերում ենք, երեք հոգի, հինգ հոգի տանում ենք: Հազվադեպ, ասենք ամիսը մեկ կարող ա լինի, որ 13 հոգի տանենք», - ասաց «Գազելներից» մեկի վարորդ Սպանդար Այրումյանը:

Երևան - Սևան երթուղին սպասարկող «Ավտոփայլ» ՍՊԸ վարորդ Այրումյանը պնդում է, որ իրենք ամեն տարի տենդերի են մասնակցում և հենց իրենք պիտի կանոնավոր փոխադրումներ իրականացնեն․ - «Ընդհանուր Հայաստանումա էսօր տիրում էս վիճակը՝ անօրինական ուղևորափոխադրումը, դրա պատճառով էլ մենք չենք կարողանում աշխատել»։

Դե իսկ արդեն դիրմացի մայթից 20 րոպեն մեկ շարժվող մեքենաները ուղևորների պակաս չունեն: Դրանք պատկանում են «Արա Սմբատյան» ԱՁ-ին: Աշխատանքի կազմակերպման պատասխանատուն չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, սակայն «Ազատությանը» հայտնեց, որ որևէ օրենքի խախտում թույլ չեն տալիս և պատրաստ են ստուգումների պետական մարմինների կողմից։

Մինչդեռ, ոլորտի պատասխանատուն՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե «Սպրինտերներով» փոխադրում իրականացնողները համապատասխան լիցենզիա չունեն․ - «Երևան - Սևան գծի վրա արձանագրել ենք բազում խախտումներ, մասնավորապես 15 մեքենա, որ առանց լիցենզավորման գործունեություն են իրականացնում»:

Շախբազյանի խոսքով «Սպրինտերների» հետ խնդիրը միայն այս երթուղուն չի վերաբերում, խախտումներ են հայտնաբերել նաև Երևան - Արմավիր գծի վրա․ - «Ինչ վերաբերում է փոքր մարդատար մեքենաներին, խնդիրը մեծ է հիմա, դա տաքսոմոտորային ծառայություն չի համարվում և չի կարգավորվում որևէ օրենսդրությամբ: Օրենսդրական բացթողումներ ունենք, ցավոք սրտի նման ժառանգություն ենք ստացել»:

Ըստ պաշտոնյայի, չկա նաև գործիքակազմ առանց լիցենզավորման ուղևորափոխադրողներին պատժելու համար․ - «Մենք փորձում ենք վերահսկողական մեխանիզմը ճիշտ մշակել որպիսզի հասկանանք ոնց ենք վերահսկելու էդ ուղևորափոխադրումները»

Շախբազյանն «Ազատությանը» հայտնեց, որ Տրանսպորտի նախարարության կողմից մշակվող միասնական տրանսպորտային համակարգի ներդրումը կկարգավորի նաև այս խնդիրը։ Իսկ մինչ այդ համապատասխան լիցենզիա չունեցողներին ընդամենը հորդորում է դուրս գալ ստվերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG