Առավելապես չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճում կիրակի օրը տեղի ունեցած բախումները շարունակում են մնալ Վրաստանի քաղաքական դաշտի քննարկման գլխավոր թեմաներից մեկը:
Հիշեցնենք, Պանկիսի կիրճի բնակիչները բողոքում էին «Խոդորի 3» հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ` պնդելով, որ այն կարող է խախտել այս բարձրլեռնային շրջանի ողջ բնապահպանական բալանսը և զգալիորեն նվազեցնել խմելու և ոռոգման ջրի պաշարները:
Կենտրոնական իշխանությունները, սակայն, պնդում են, որ նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը երկրի համար կենսական նշանակություն ունի: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, երկրի էներգետիկ բիզնեսում նաև անձնական շահեր է հետապնդում:
«Հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ այս արշավն ինձ համար կտրականապես անընդունելի է: Եթե մենք ցանկանում ենք առաջընթաց ապահովել, ապա երկրի ջրային ռեսուրսները հարկավոր է ռացիոնալ օգտագործել: Մենք չպետք է կախվածության մեջ գտնվենք [էներգակիրներ արտադրող] այլ պետություններից, ինչո՞ւ պետք է մեր գումարները հոսեն այդ երկրներ: Բոլոր այն մարդիկ, որոնք ընդդիմանում են Վրաստանի էներգետիկ անկախությանը, պետության թշնամիներ են», - հայտարարում էր Կալաձեն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կտրականապես դեմ է այն դիմադրությանը, որ ցուցաբերել էին Պանկիսի կիրճի բնակիչները ոստիկանության աշխատակիցներին` կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում:
«Իրավապահների դեմ բռնարարքներն անընդունելի են ցանկացած երկրում: Առավել ևս դրանք անընդունելի են մի երկրում, որն օկուպացված տարածքներ ունի և որի սահմանների կայուն պահպանությունը կենսականորեն կարևոր է», - հայտարարում էր Վրաստանի նախագահը:
Պանկիսի կիրճի բնակիչները, մինչդեռ, պնդում են, որ բախումները ծագել են ոստիկանության կողմից ծրագրված սադրանքների հետևանքով:
«Քաղաքացիական հագուստով երիտասարդներ կային, որոնք ոստիկանության հանդեպ շատ ագրեսիվ էին տրամադրված: Ինձ թվում է՝ նրանք ոստիկաններ էին և այստեղ էին սադրանքների դիմելու նպատակով», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում նշում էր Պանկիսի կիրճի բնակիչներից մեկը:
Շինարարական աշխատանքները Պանկիսի կիրճում այժմ դադարեցված են: Տեղի բնակիչները նշում են, որ դրանց վերսկսման պատրաստ են կրկին փողոց դուրս գալ: