Մատչելիության հղումներ

Ավագանին ընդունեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու որոշումը


Ավագանին այսօր ընդունեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը:

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ապահովումն է:

«Անհարգալից վերաբերմունք»

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում 16 հարց է ընդգրկված: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկեց աղբահանության հարցը վերջին կետից բերել առաջ ու քննարկել՝ որպես երկրորդ հարց: Ձայների 7 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ այս առաջարկը մերժվեց:

Պահանջում եմ այս 6 ամսվա՝ քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի միջև եղած նամակագրության բացահայտումը: Եթե չբացահայտվի, մեզ մոտ կլինեն հիմքեր ինչ֊որ սև գործունեության մասին», - քվեարկությունից հետո քաղաքապետին դիմեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

«Եթե Դուք նշեք մի կետ՝ ավագանու կանոնակարգում, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլորի իր գործողությունների մասին հայտնել ավագանուն, ես Ձեզ հետ կհամաձայնեմ», - հակադարձեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանում օրեցօր սրվող աղբահանության հարցը անցած շաբաթ նաև կառավարությունում էր քննարկվել, գործադիրը հաստատել էր քաղաքապետարանի կողմից 15 նոր աղբատար մեքենաներ գնելու որոշումը, քանի որ այս պահին միակ օպերատորը՝ «Սանիթեքը» չի կարողանում Երևանը մաքրել կուտակված աղբից: ԲՀԿ խմբակցության ղեկավարը հարց ուղղեց քաղաքապետին՝ 900 միլիոն դրամ արժողությամբ մեքենաներ եք գնում ինչու՞ ավագանին չգիտեր: Մարությանն արձագանքեց՝ ո՞նց չգիտեր, նո՞ր իմացաք․ - «Փետրվարին հայտարարված է տենդերը: Ամբողջ աշխարհը փետրվարից գիտի, որ 24 մեքենա մրցույթի է հանվել, որպեսզի գնում կատարենք: Ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ ո՞նց չգիտեիք: Կառավարության նիստի ժամանա՞կ իմացաք որ էդպիսի բան կա: Կառավարության նիստի ժամանակ մենք ընդամենը խնդրեցինք, որ այդ 24 հատից մի քանիսը շուտ բերենք, սրա մասին է խոսքը»:

Քաղաքապետը կայացրել է մի ամոթալի որոշում. Խաժակյան

Ելույթով հանդես եկավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու հայտարարեց՝ քաղաքապետարանը թերի է հավաքագրել առաջին եռամսյակի եկամուտները․ - «Սա քաղաքի համար խնդիրներ է առաջացնելու, չեն լուծվելու մի շարք խնդիրներ և էլ ավելի եք կրճատելու այն կարևոր բյուջետային հոդվածները, որոնք պետք է ապահովեին քաղաքի խնդիրների լուծումը»:

Հայտարարությանը հետևեց քաղաքապետի արձագանքը․ - «Շնորհակալություն, ես Ձեզ հետ համաձայն չեմ, պարոն Խաժակյան, անցնենք առաջ»:

«Տպավորություն է, որ ավագանու անդամների առաջարկներին լուրջ չեք վերաբերվում». Արմեն Ղալեչյան

Ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը, դիմելով քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին, ասաց՝ տպավորություն է, որ ավագանու անդամների առաջարկներին լուրջ չեք վերաբերվում․ - «Հարգելի քաղաքապետ, խնդրում եմ հաշվի առնել նման վերաբերմունքը՝ իրավաբանական վարչության պետին դրամական խրախուսումներ անելուց առաջ»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքեց․ - «Ճիշտն ասած չհասկացա ինչ կապ ուներ մեկը մյուսի հետ, բայց ես միշտ ամեն ինչ հաշվի եմ առնում՝ վստահեցնում եմ Ձեզ»:

Մարությանը նաև ասաց, որ քաղաքապետարանում պարգևավճարներ կտրվեն ու կմտածեն աշխատավարձերի բարձրացման մասին:

«Ես տղայական ռազբորկայի որևէ մեկին չեմ էլ կանչել»․ Արմեն Ներսիսյան

Այն պահին, երբ ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հորդորում էր «Իմ քայլի» անդամներին ֆեյսբուքում զուսպ լինել, ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանը, որը նաև «Առինջ մոլի» փոխտնօրենն է, իրեն երկար նայելու համար դուրս հրավիրեց «Իմ քայլ»-ից Վազգեն Դարբինյանին: Նիստին այսօր ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելումյանն ասացին՝ էմոցաները նիստի մեկնարկից էին սրվել:

Ինքը՝ Արմեն Ներսիսյանը, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ «ես տղայական ռազբորկայի որևէ մեկին չեմ էլ կանչել»:

6-րդ վարչությունը Դավթաշենի վարչական շրջանում նյութեր է նախապատրաստել

Ավագանու այսօրվա նիստին ներկա էին Երևանի վարչական շրջանների ղեկավարները: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը, ավագանու անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ ոստիկանության 6-րդ վարչությունը վերջերս եղել է իրենց մոտ, նյութեր են կազմվել և ուղարկվել իրավապահներին: Վարչական շրջանի ղեկավարը սակայն չմանրամասնեց, թե ինչի՞մասին է խոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG