Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է երկրի նավթային ոլորտի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը և դրանք որակել «անօրինական»:
«Քանի որ պատժամիջոցները սկզբունքորեն անօրինական են, Իրանի Իսլամական Հանրապետությունը դրանց չի տվել և չի տալիս որևէ նշանակություն», - ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում երեկ տեղադրված հայտարարությունում:
Իրանի արտգործնախարարության խոսնակը լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը քննարկում է Վաշինգտոնի որոշումը, հավելելով, որ «այդ քննարկման արդյունքները կարճ ժամանակ անց կներկայացվեն քաղաքական ղեկավարությանը, և որոշման մասին հայտարարություն կլինի»:
Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Փամփեոն հայտարարեց, թե նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Վաշինգտոնը վերացնում է արտոնությունը, որով Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան կարող էին նավթ գնել Իրանից առանց որևէ սահմանափակման:
Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու նավթի համաշխարհային պահանջարկի բավարարումը, քանի որ ամերիկյան պատժամիջոցների խստացումը նպատակ ունի իրանական նավթն ամբողջությամբ հեռացնել շուկայից: