Մատչելիության հղումներ

ԲՀԿ֊ում պիտի որոշեն՝ բիզնես կամ քաղաքականություն․ Հայկ Գևորգյան


«Ազատությունը» հյուրընկալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի հետ հարցազրույցից մի հատված։

«Ազատություն». ֊ Չե՞ք ուզում նվեր ստանալ «Արարատցեմենտ» գործարանը։ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ եթե ապացուցեք, որ 200000 դոլարով է ժամանակին այն ձեռք բերել և հատկապես, որ խափանել է այդ 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը, գործարանը Ձեզ է տալիս։

Գևորգյան. ֊ Ապացույցը կա՝ դա 2002 թվականի կառավարության թիվ 1465-Ա որոշումն է՝ սեպտեմբերի 12֊ին ընդունված, որով հստակ՝ 2֊րդ կետում գրված է, որ գործարանի բաժնետոմսերի գինը կազմում է 200000 դոլար, որը գնորդը պիտի վճարի երեք բանկային օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է նվերին՝ ապա ես այդ մասին հայտարարություն կանեմ առաջիկայում։

«Ազատություն». ֊ Այն ժամանակ 200000 դոլարը այդ գործարանի համար, եթե շուկայական գներով գնահատեք, ինչքա՞ն էր էժան։

Գևորգյան. ֊ Որոշ գնահատականներով այն կազմում էր մինչև 80 միլիոն դոլար, որոշ գնահատականներով` 60 միլիոն, բայց դրա վրա ինչ֊որ պարտքեր կային ու շատ մութ գործարքներ տեղի ունեցան այն բանից հետո, երբ Արամ Սարգսյանը տնօրենի պաշտոնից հեռացվեց և մի քանի ամսվա մեջ գործարանի պարտքերը կտրուկ սկսեցին աճել անհասկանալի մեխանիզմներով։ Ամբողջ խնդիրն այն է, որ այն ժամանակ ես որպես լրագրող լուսաբանում էի ցեմենտի գործարանի սեփականաշնորհման ընթացքը, այդ իսկ պատճառով բավականին տեղյակ եմ, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ։

«Ազատություն». ֊ Ինչո՞վ էր պայմանավորված, որ (էլի Ձեր հայտարարությունից մեջբերեմ) 2018֊ին համարյա երեք անգամ ավելի շատ հարկ է մուծել գործարանը, քան 2017֊ին։

Գևորգյան. ֊ Դա հենց այն հարցն է, որի պատասխանը պիտի օգնի մեզ գտնելու, թե իրականում ինչպիսի տնտեսական խոչընդոտներ պետք է ստեղծեք ներկրվող ցեմենտի և կլինկերի վրա։ Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել է 22000 դրամ, բայց իմ կարծիքով մենք այդ թիվը չենք կարող հիմնավորել որևէ կերպ, որովհետև մենք չգիտենք, թե ինչքան է իրականում ցեմենտի մրցունակ գինը, կամ այսպես ասեմ՝ ինքնարժեք գումարած շահույթ գինը։ Որովհետև Վրաստանում այդ նույն ցեմենտը վաճառվել է 24000 դրամով, Հայաստանում՝ 50֊60000 դրամով։ Հիմա, ելնելով նրանից, որ Վրաստանում միշտ եղել է մրցակցային շուկա ցեմենտի համար, մենք պետք է ուղղակիորեն հետևություն անենք, որ 24000 դրամով վաճառված հայկական ցեմենտը Վրաստանում դա արդեն իրական գինն է։

«Ազատություն». ֊ Այսինքն, առնվազն այդքան կարող է նաև Հայաստանում լինել։

Գևորգյան. ֊ Այո։ Հիմա ես առաջարկել եմ, որպեսզի այնտեղ կատարվի աուդիտ և այդ աուդիտի արդյունքում մենք կարողանանք պարզել, թե որքան պիտի կազմի տուրքը ներկրվող ցեմենտի ու կլինկերի վրա։

«Ազատություն». ֊ Դուք նաև ստվեր բառն էիք օգտագործել Ձեր ելույթում։

Գևորգյան. ֊ Այո՛, ես հռետորական հարց եմ տվել։ Առնվազն տարակուսելի է, որ մեկ տարվա ընթացքում հարկերը աճում են 2.7 անգամ։ Այսինքն ի՞նչ է դա նշանակում. նախորդ տարի եղել է ստվեր, թե մի այլ պատճառ է եղել, որ այդքան հարկեր չեն վճարել։ 800 միլիոնից բարձրանում է 2.1֊2.2 միլիարդ դրամի։ Դա առնվազն տարակուսելի է։

«Ազատություն». ֊ Եվ, երևի, ամենակարևորը՝ հարցի քաղաքական բաղադրիչը։ Հայտարարվում է՝ քաղաքականությունն ու բիզնեսը զատված են, օլիգարխներ չկան։ Բա սա ի՞նչ է։ Մի ամբողջ խմբակցություն մեկը մյուսի հետևից ելույթ է ունենում։

Գևորգյան. ֊ Ակնհայտ է շահերի բախում, որովհետև Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարում է, որ սեփականատերը ինքն է ու այդ խմբակցությունում է նաև այս պահին ցեմենտի գործարանի տնօրենի դուստրը։ Ու այստեղ՝ պիտի որոշեն խմբակցությունում. կա՛մ քաղաքականություն, կա՛մ բիզնես։ Դրանք համատեղելը նոր Հայաստանում ուղղակի շրջանակից դուրս է։

«Ազատություն». ֊ Բայց իշխանությունը դուք եք, գուցե դիմե՞ք Էթիկայի հանձնաժողով, իրավապահներին և այլն։

Գևորգյան. ֊ Չէ, մենք չենք կարող։ Իրավական տեսանկյունից վստահ եմ, որ սեփականատերը հավատարմագրային կառավարման է հանձնել, փաստաթղթերով եթե նայենք։ Բայց գործնականում նա զբաղվում է։ Ասենք՝ այդ օրը եկավ նիստի, հայտարարեց, որ՝ գնացել էի բամբակի արտադրության ինչ֊որ միջոցառման... կարծում եմ ինքը՝ խմբակցությունը կքննարկի ու որոշ հետևություններ կանի այս միջադեպից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG